Վաշինգտոնը ողջունում է Ալմաթիում մեկնարկող հայ-ադրբեջանական բանակցությունները

Միացյալ Նահանգները ողջունում է Ղազախստանի առաջարկը՝ մայիսի 10-ին Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով, ադրբեջանական «Թուրան» գործակալությանը հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

«Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է»,- ասել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության պաշտոնյան՝ հավելելով․- «Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկը։

«Ինչպես բազմիցս նշել ենք՝ մենք ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս արձանագրված առաջընթացից և աջակցում ենք երկու երկրներին, երբ նրանք շարժվում են դեպի խաղաղ համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի», — նշել են պետքարտուղարությունից։

Ալմաթիում այսօր նախատեսված են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները։

Բաքուն հաղորդել է, որ Ջեյհուն Բայրամովն արդեն մեկնել է Ղազախստան, քննարկումները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագծի շուրջ են լինելու։

Երևանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031