Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Բաբկեն Թունյան

Ցանկացած մարդ իրավունք ունի քաղաքական կարծիք ունենալու և այն տեղ հասցնելու իրավունք, բայց եթե Եկեղեցին ձևավորում է քաղաքական օրակարգ, ապա պետք է պատրաստ լինի, որ քաղաքական բնույթի հարցեր էլ են հնչելու։

Այս մասին այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Մենք նայում ենք խնդիրները, խոսույթը և այն մարդկանց, ովքեր շարժումն ուղեկցում են և այնտեղ քաղաքական գործիչներ են։ Եթե առաջ է քաշվելու այսօր հրապարակում իշխանափոխության պահանջ, ինչը բարձրաստիճան հոգևորականների շուրթերով հնչել է մի քանի անգամ, ապա դա ուղիղ քաղաքականություն է։ Հիմա այսօր ժամը 4-ին հավաք է հրավիրված, պարզ կլինի, եթե առաջ են քաշում իշխանափոխության պահանջ, ինչը բարձրաստիճան հոգևորականների շուրթերից հնչել է մի քանի անգամ, դա ոչ այլ ինչ է, քան ուղիղ քաղաքականություն»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով հարցին, թե շարժումը բարձրաձայնում է նաև սահմանազատումը կասեցնելու և հայանպաստ կերպով իրականացնելու հարցը, Թունյանը նկատում է՝ «Սահմանազատման գործընթացը կասեցնելու և չկասեցնելու, մի բան անելու կամ չանելու համար կան համապատասխան կառույցներ և նման որոշումներ ընդունելու համար պետք է ունենալ դրա իրավասությունը և բավարար տեղեկատվություն»։

Նրա խոսքով՝ արտաքին քաղաքականությունը որոշում է դիվանագիտական կառույցը։

«Շարժումը սկսեց Կիրանցից և հիմնական խնդիրը կապված էր Կիրանցի և Ոսկեպարի հարող տարածքների հետ։ Մենք այսօր տեսնում ենք, որ թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն ու ասում են, որ իրենց ակնկալիքներից ավելին են ստացել»,- նշեց նա։

Պատգամավորը հիշեցրեց՝ ինչից է սկսել պայքարը և որքանով է ի սկզբանե հայտարարված նպատակն արդիական։ Մարդիկ գնացել էին, որ աջակցեն տեղի բնակչությանը, բայց այդ մարդիկ այսօր որևէ բողոք չունեն։ Սահմանազատման գործընթացն առաջին հերթին արվում է ՀՀ անվտանգության համար։ Եթե այս տարբերակներին դեմ են, ապա այլընտրանքային ոչ լղոզված տարբերակներ պետք է առաջարկեն․ «Ես ոչ մի շարժման հետ կապված մտավախություն չունեմ։ Իշխանափոխությա՞ն են ուզում հասնել, ինչքան հիշում եմ իրենց վերջին հայտարարություններում նման բան այս պահին օրակարգում չունեն, թող հավաքն անեն, իրենց պահանջները հասկանանք և հետո նոր կորոշենք»։

Վերջինս շեշտեց՝ Հայաստանում իշխանության փոփոխություն լինելու է ընտրությունների միջոցով․

«Հավատալը կամ չհավատալը, եկեղեցուց անջատվելը կամ մնալն օրենքով չի կարգավորվում։ Բազում մարդիկ անցել են այլ կրոնական կազմակերպությունների շարքեր, խնդրի պատճառն է պետք հասկանալ ու առաջնահերթ Եկեղեցու խնդիրը պետք է լինի։ Եթե ես տեսնում եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցին զբաղված է ուրիշ խնդիրներով՝ քաղաքական ու աշխարհաքաղաքական, ապա ենթադրում եմ, որ գուցե այդպիսի կարծիք լինի, որ մնացած տեղերում անելու բաներ չկան, իսկ ես կարծում եմ, որ շատ անելու բան կա Եկեղեցու տեսանկյունից»,- նշեց նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031