Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես որոշակի դժվարություններ կան, սական դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես որոշակի դժվարություններ կան, սական դրանք չպետք է ուռճացվեն, սա բնական երևույթ է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պետք չէ չափազանցնել զրույցի բարդությունը։ Իհարկե, մեր երկկողմ հարաբերություններում կան որոշակի խնդրահարույց թեմաներ։ Բայց, մյուս կողմից, որքան սերտ է երկու երկրների փոխգործակցությունը, որքան լայն է երկկողմ հարաբերությունների համալիրը, այնքան հաճախ են տարբեր խնդիրներ հանդիպում և առաջանում», — ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Պեսկովը՝ նշելով, թե Մոսկվան հիմնականում դրական է վերաբերվում Երևանի հետ հետագա հարաբերությունների հեռանկարներին։

Պեսկովը միևնույն ժամանակ շեշտել է՝ «առաջնորդներն ունեն քաղաքական կամք՝ դրանք քննարկելու համար»։

«Սպասենք [բանակցությունների] արդյունքներին. կա երկխոսություն, կա քաղաքական կամք այս երկխոսությունը շարունակելու համար, կողմերի միջև կա փոխադարձ հետաքրքրություն, երկկողմ հարաբերությունների ներուժ կա, ուստի ավելի հակված ենք լավատես լինելուն», — ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը։

Կրեմլում երեկ բանակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ Փաշինյանը նախ շեշտել է, որ վերջին հանդիպումը անցյալ տարվա դեկտեմբերին է կայացել, ապա ընդգծել, որ «դրանից հետո, իհարկե, կուտակվել են հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն»՝ հույս հայտնելով, որ կքննարկվեն երկկողմ հարաբերությունների կարևոր, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։

Պուտինն իր հերթին նկատել է, որ տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան, սակայն դրա մասին հանրային կերպով չեն խոսի։ Նա հավելել է, որ հնարավորություն կա Եվրասիական համայնքի աշխատանքի «կողքին» խոսել հարաբերությունների ողջ համալիրի մասին, ներառյալ տարածաշրջանային անվտանգությունը։

Վերջին շրջանում Երևանը բազմիցս բաց է թողել Մոսկվայի առաջնորդած որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումները և ՀԱՊԿ-ի միջոցառումները։ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։
Հայաստանը ՀԱՊԿ-ին մեղադրել է ոչ վստահելի լինելու համար՝ Հանրապետության սահմանամերձ շրջաններ ադրբեջանական զորամիավորումների ներխուժմամը համարժեք չարձագանքելու կապակցությամբ։ Մայիսի 8-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Երևանը դադարեցնում է ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031