Եթե կասեցնենք գործընթացը, սկսվելու է պատերազմ․ Փաշինյանը Տավուշի հատվածում իրականացվող սահմանազատման մասին

Հայաստանի կառավարությունը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը սկսել է Տավուշի մարզից՝ պատերազմը բացառելու համար։ Այս մասին մայիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2021, 2022 թվականի սեպտեմբերի էսկալացիաները, բնականաբար, միջազգային հանրության շրջանում հարցեր են առաջացրել։ Ցավով պետք է արձանագրեմ, որ միջազգային հարթակներում դրանք բացատրվել են շատ դեպքերում 4 ադրբեջանական գյուղերի գործոնով, և ցավալիորեն այդ իրավիճակներում, որտեղ մենք պետք է լինեինք հայցվորի դերում, մենք հայտնվել ենք պատասխանողի դերում։ Քանի որ հարց է հնչել՝ եթե ճանաչում եք փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը, ապա ի՞նչն է խնդիրը, որ այդ գյուղերի խնդիրը չեք լուծում»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների կողմից առաջ քաշվող պահանջին՝ կասեցնելու սահմանազատման գործընթացը՝ Փաշինյանն ասաց․ «Եթե կասեցնենք գործընթացը, ի՞նչ է լինելու դրանից հետո․ շատ պարզ բան, սկսվելու է պատերազմ․․․

Այն ուժերը, որոնք պահանջում են դադարեցնել սահմանազատման գործընթացը՝ նաև արտաքին որոշ ուժերի աջակցությամբ, ամեն ինչ կանեն, որ Հայաստանի նոր տարածքներ օկուպացվեն՝ դա օգտագործելու համար Հայաստանում քաղաքական փոփոխություններ անելու համար»։

Հայաստանի վարչապետի խոսքով՝ պատերազմը ներքին և արտաքին մի շարք ուժերի հարկավոր է, որպեսզի հնարավոր լինի իշխանափոխություն անել առանց ընտրությունների։ «Նույն սցենարը գործում էր նաև 44-օրյա պատերազմի ժամանակ»,- նկատեց նա։

Անդրադառնալով նաև հարցին, թե արդյոք սահմանազատման գործընթացի իրականացման ժամանակ որպես հիմք ընդունվում է 1988 թվականի սահմանազատման քարտեզը, որի մասին ընդդիմադիրները մի քանի անգամ բարձրաձայնել են, Փաշինյանն ասաց, որ իրենք թեպետ ուսումնասիրել են նաև այդ փաստաթուղթը, սակայն այն այդպես էլ չի հասցրել ուժի մեջ մտնել և իրավական ուժ ստանալ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031