Այսօր մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ. Վահե Հովհաննիսյան

Այսօր մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Վտանգավոր իրավիճակ, անտեր թողնված ժողովուրդ.

Մի տխմար ձևակերպում կա, որն անում են կամ կոմֆորտ զոնայից կամ սեփական անելիքի չիմացության պատճառով՝ «քաղաքացին պետք է տեր կանգնի իր հայրենիքին»։

Բա դո՞ւք ինչ անեք։ Առանց քաղաքական ուժերի կողմից գրագետ կազմակերպման, առանց ճիշտ բովանդակության, մենեջմենթի ու ինքնազոհողության զրոյական պատրաստակամության, քաղաքացին ինչպե՞ս տեր կանգնի հայրենիքին։

Էդ ի՞նչ դեմագոգիա է։ Ձեր ու քաղաքացու հայրենիքի ընկալումը 100 տոկոսով տարբեր է, ու դրան հասել ենք ընդամենը 30 տարում։ «Հին էլիտաները» իրենց դիզած կապիտալի բարձունքից են նայում հայրենիքին, քաղաքացին՝ իր երեխուն մեծացնելու ամենօրյա հոգսից։

Իսկ մենք քաղաքացի ունե՞նք։ Իսկ ո՞վ խնդիր դրեց՝ անկախություն ստանալուց հետո անկախ պետության քաղաքացի ձևավորել։ Մեծ հաշվով, մենք ունեցել ենք սխալ հասկացված պետություն, որի միջավայրում է ձևավորվել այսօրվա քաղաքացին։ Եվ հենց դրա շնորհիվ Նիկոլն իր դատարկ պոպուլիստական գործելաոճով կարողացավ գրավել «քաղաքացու» սրտերը։

Անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ․

Այսօր մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ։ Սա ծանր իրողություն է, բայց մենք պետք է ունենանք խիզախություն՝ սա ընդունելու, որովհետև դա կհուշի-կստիպի հետագա ճիշտ քայլերը։

1. Պետք է տեր կանգնել ընտրազանգվածներին, և ոչ թե՝ տարվա մեջ մի քանի օր կոչ անել կենաց ու մահու ընդվզման, իսկ մնացած ժամանակ մոռանալ մարդկանց մասին։ Ընտրազանգվածներին պետք է տալ ապագայի ամբողջական փաթեթ, որտեղ մարդը կտեսնի իր, իր ընտանիքի, իր գյուղի-քաղաքի, իր պետության շահը։ Քաղաքական-հանրային ձևաչափերի առաքելությունը դա է, ոչ թե ապագա մանդատի կամ հաստիքի հաշվարկը։

2. Պետք է գնալ միջընտրազանգվածային երկխոսության։ Սա է լիդերությունը, սա է սոլիդությունը։ Նիկոլի ընտրազանգվածի 80 տոկոսն արդեն իրենը չէ, բայց մենք այս մարդկանց հետ խոսելու, ընտրություն առաջարկելու, համագործակցության դաշտ բերելու փոխարեն շարունակում ենք սպառնալ կամ վիրավորել։ Տավուշի թեման հենց բացվեց, ընդդիմադիր շրջանակներից սկսեցին տարածվել այդ գյուղերի՝ 2021թ. քվեարկության արդյունքները։ Ինչքա´ն պետք է չհասկանալ Հայաստանը, չհասկանալ ժողովրդին, ու չհասկանալ հասարակ մարդուն՝ սա անելու համար։ Ի՞նչ էիք ուզում ասել դրանով, որ ձեզ հասնու՞մ է։ Բայց սա Տավուշի խեղճուկրակ գյուղացու կամ քարոզչության ճնշման տակ քվեարկածի խնդիրը չէ, սա մեր բոլորի խնդիրն է, մեր բոլորի սահմանն է, մեր բոլոր հետագա սերունդների, հետագա տասնամյակների կամ հարյուրամյակների խնդիրն է։

Կա գործ՝ անելու․

Հայաստանին ապագա է պետք, իսկ ապագայի մենեջմենթը պետք է իրականացնեն նոր ձևավորված կամ ձևավորվող ուժերը։ Նրանք, ովքեր խիզախություն ունեցան՝ կազմավորվելու և հանրության հետ բաց խոսելու։ Այդ ուժերն ունեն բոլոր բարոյական իրավունքները՝ կազմելու նոր քաղաքական վերնախավը. «Հայաքվե», «Մայր հայրենիք», «Նոր ուժ», «Միասին» և այլն։ Վստահ եմ՝ առաջիկայում ձևավորվելու են նոր ուժեր ևս, նոր ձևաչափեր, որովհետև օբյեկտիվորեն կա ընտրազանգված ու բովանդակության բաց։ Բացառիկ դեր պետք է ունենա եկեղեցին, և կյանքը ստիպում է վերանայել «եկեղեցին ու պետությունը առանձին են» թեզը (սրա մասին մանրամասն կխոսվի առաջիկայում)։ Կարևոր դերակատարում պետք է ունենան պայմանական «հին» գործիչների մի անվանացանկ, ովքեր իրենց մարդկային որակներով և գրագիտությամբ ապագայում պետք է ներդրում ունենան։

Նախկին բոլոր արատավոր երևույթները հանրությունն ասոցիացնում է ՀՀԿ-ի հետ, բայց այսօրվա «նոր» ՀՀԿ-ում մնացել են իրոք քաղաքական մտածողությամբ, լուրջ դեմքերը, որոնք նաև մարդկային կարևոր հատկանիշներ ունեն և պատրաստ են հետագա զարգացումներին։ Եվ այդ բանաձևով մենք ամենուր կարող ենք գտնել քաղաքական նոր դաշտը ձևավորող մարդկանց։ Հայաստանի ապագային պետք են իրական մարդիկ, ոչ թե հերթական անհասկանալիները, որոնց խաղացնում են ներսից կամ դրսից։ Հայաստանն ունի նոր, իրական խնդիրներ, և մեզ պետք է պետք է նոր, իրական քաղաքական բովանդակություն, նոր մենեջմենթ»:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930