Skip to main content

Մեր պլանը 800 մլրդ դրամ ֆինանսավորումն է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրն իրականացնելու համար. Փաշինյան

Մենք առաջիկայում ընդունելու ենք բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը։ Այսօր առավոտյան պարոն Թորոսյանի հետ քննարկել ենք։ Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք իրականացնում ենք Ղարաբաղից փախստական մեր հայրենակիցների բնակարանային ապահովման խնդիրը։ Ընդ որում՝ մեր հանձնառության շրջանակում շուրջ 7000 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր։ Մեր ծրագրում մենք ֆիքսել ենք 10 հազար թիվ, բայց դա մոտավոր հաշվարկ է, այսինքն՝ կլինեն այդ նախապայմաններին համապատասխանող բոլոր շահառուները։

Ուզում եմ հիշեցնել, որ մեր պլանը այդ ծրագրով 800 մլրդ դրամ ֆինանսավորումն է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագիրն իրականացնելու համար։ Գումարած՝ մենք իրականացնում ենք սահմանամերձ, արդեն հիմա ոչ միայն սահմանամերձ բնակավայրերում 16 մլն դրամի ծրագիրը, որտեղ նաև սոցիալական կոմպոնենտն ուժեղացնում ենք մենք, նաև սոցիալ-կրթական կոմպոնենտը։ Այնպես որ, մենք բնակարանային ծրագրերն անում ենք։

Առաջիկայում մենք կընդունենք ուսուցչի կարգավիճակի մասին օրենքը, որտեղ բնակարանային ապահովման որոշակի ծրագրեր կիրականացնենք։ Պաշտպանության նախարարությունում մենք բնակարանային ապահովման ծրագրեր ենք իրականացնում։ Այս տարի առաջին անգամ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները ստացան բնակարանի ձեռքբերման հավաստագիր։ Այսինքն՝ իրենք ծառայությունը ստանձնելու պահին կարող են բնակարան ձեռք բերել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ներկայիս շուկայական գներով արժեքը կազմել է շուրջ 42 մլն դրամ՝ մեկ բնակարանի համար։

«Դա նորմալ, իրատեսական թիվ է, և մարդիկ հանրապետության տարածքում կարող են ձեռք բերել և կարող են ինչ-որ գումար էլ նորոգման և ծախսերի համար՝ 5 մլն-ի շրջանակում, օգտագործել։ Ես նկատի ունեմ՝ մենք մի շարք ուղղություններով բնակարանային ծրագրեր իրականացնում ենք, և առջևում էլ լինելու են նոր ծրագրեր։ Մեր խնդիրն է թիրախային, հասցեական աջակցությունը ցուցաբերելը, մնացած մասով արդեն շուկան ինքը պետք է կարգավորի։ Եվ ընդհակառակը՝ այդ պրոցեսը կարող է նաև մարզերում որոշակի ակտիվություն առաջացնել, և պետք է պրոցեսներն ուղղորդենք»,- նշեց վարչապետ Փաշինյանը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31