Skip to main content

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է

Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս. Դադոյանի) ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեն։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխվել: Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ ձերբակալվել է 6 անձ: Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց: Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել էին, որ Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթներով օգոստոսի 25-ին միաժամանակյա խուզարկություններ են կատարվել տնտեսվարողների գործունեության և բնակության ընդհանուր թվով 17 հասցեներում, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթների համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և առարկաներ:
Տնտեսվարող սուբյեկտների գործունեության հասցեները ապացուցողական և վարութային գործողություններ իրականացնելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով կապարակնքվել են: Ձերբակալված 6 անձանցից 4-ի, այդ թվում՝ նախկին նախագահի որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Մեղադրյալներից ևս մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Ավելի վաղ հայտնել էին, որ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31