Արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ՄԻԵԴ-ի Մեծ պալատի «Կարոլի Նադն ընդդեմ Հունգարիայի» (Karoly Nady v. Hungary, [GC], 56665/09) գործով 2017թ. սեպտեմբերի 14-ի վճռով միանշանակ արձանագրվել է, որ «պետական դատարանները» իրավասու չեն քննելու եկեղեցական ներքին կյանքին առնչվող և կանոնական իրավունքով կարգավորվող հարցերը, քանզի այդպիսի միջամտությամբ ոչ միայն խաթարվում է կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը, այլև մարդկանց խղճի ու դավանանքի ազատության իրավունքը։ Այս ասպեկտը համարժեք լուսաբանել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։
Հավելեմ, որ վերը նշված վճռի առնչությամբ հատուկ կարծիք գրած միակ դատավորը հայտնել է հետևյալը. թեպետ՝ պետությունը անջատ է եկեղեցուց, այնուամենայնիվ, առանձին հոգևորականները պետություն չեն, ուստի կարող են իրենց կրոնական համայնքի դեմ հայց հարուցել դատարան։ Ողջ խնդիրն այն է, որ շուրջ 44 կետից բաղկացած վճռում ՄԻԵԴ-ը չի շրջանցել նշված հարցադրումը։ Ավելին՝ հանգամանալից մեկնաբանել է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկված հոգևորականը, իհարկե, պետություն չէ, բայց երբ դատարանը վարույթ է ընդունում տվյալ հոգևորականի հայցը, ապա հենց այդ պահից ոչ իրավաչափ հենքով վեճի կողմ է դառնում պետությունը, մինչդեռ՝ վերջինս իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այդ հոգևորականի և կրոնական համայնքի միջև ծագած եկեղեցական ներքին դավանաբանական կյանքին վերաբերող, կանոնական իրավունքով կարգավորվող հարցերը։ Ընդ որում, ՄԻԵԴ-ը հատուկ ընդգծել է, որ հիշյալ նախադեպային դրույթը առաջնահերթ վերաբերում է այն պետություններին, որոնք առնվազն ընթացիկ օրենքներով (Հայաստանում դա սահմանված է ընդհուպ Սահմանադրությամբ) ամրագրել են պետության և եկեղեցու անջատ լինելը։
Անգամ հատուկ կարծիք գրած դատավորը, այնուամենայնիվ, ընդգծել է, որ ինքը հարգում է մեծամասնության դիրքորոշումը, քանզի վստահ է, որ նրանք գործել են «բացարձակ բարեխիղճ և պատասխանատու»։
Հ.Գ. ՄԻԵԴ-ի վճիռների հետ անհամաձայնություն հայտնելու առանձին դեպքեր արձանագրվում են նաև ժողովրդավարության հարուստ ժառանգություն ու փորձ ունեցող երկրներում, բայց երբեք որևէ երկրում չեք հանդիպի, որ լռելյայն անտեսեն ՄԻԵԴ֊ի հանրահայտ վճիռները, կարծես դրանք չկան, գոյություն չունեն…»։






































