Խնդրում ենք՝ երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ. Երկվորյակ եղբայրների ընկերների նամակը

Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29–ին տեղի ունեցած միջադեպի մասնակից դպրոցական Դավիթ եւ Միքայել Մինասյան երկվորյակ եղբայրների հարազատները, դասընկերները, աջակիցները նամակ են հղել ՀՀ պետական մարմիններին։

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Դավիթ եւ Միքայել Մինասյանները խելացի, կիրթ, գրագետ, զարգացած, հայրենասեր պատանիներ են՝ պարկեշտ եւ զուսպ ընտանիքի զավակներ: Նրանք միշտ աչքի են ընկել գերազանց առաջադիմությամբ, եղել են դպրոցի պարծանքը, ինչի մասին վկայում են տասյակ գովասանագրերն ու պատվոգրերը։

Ուսումնառության տարիներին նրանք երբեւէ որեւէ խուլիգանական արարք թույլ չեն տվել , եղել են խաղաղասեր պատանիներ։ Դավիթն ու Միքայելը հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են եւ ամեն կիրակի մասնակցում են պատարագներին։ Նրանք երբեւէ որեւէ քաղաքական կուսակցության անդամ չեն եղել, երբեւէ քաղաքական որեւէ ուժի չեն հարել, ընտանիքն ապաքաղաքական է։

Ծաղկազարդի տոնին ներկա են եղել Սուրբ Աննա եկեղեցում մատուցվող Սուրբ պատարագին եւ աղոթքի պահին հայտնվել են հրմշտոցի մեջ։ Նրանք իրենց կյանքում որեւէ մեկին վիրավորանք կամ վնաս հասցրած չկան, առավել եւս իրենցից տարիքով, հարգարժան պաշտոնյա անձի։

Առավել քան համոզված ենք, որ իրադարձությունների օրը նրանց գործողություններում որեւէ մեկին վնաս հասցնելու միտում չի եղել։ Խնդրում ենք հաշվի առնելով վերոգրյալը, երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ։

Նրանք պայծառ պատանիներ են՝ լի երազանքներով, վառ նպատակներով, կարող են պիտանի մարդիկ դառնալ հասարակության եւ պետության համար»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների, անվտանգության աշխատակիցների մուտքից հետո Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել, Փաշինյանի թիկնապահները քաշքշել էին մի երիտասարդի, որն ասել էր. «Ըտենց ինձ չնայես»։ Դրանից հետո 3 անձ է ձերբակալվել։

Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):

Այս պահին 3 անձ ձերբակալվել է: Ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են, դպրոցականներ։

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն էլ հայտնել էչ, որ ձերբակալված զույգ եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։

ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),

Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և

Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031