ԱՄՆ-ը գաղտնի Իրան է մտցրել մոտ 6 000 Starlink համալիր՝ օգնելու նրա քաղաքացիներին կապի մեջ մնալ այն բանից հետո, երբ կառավարությունն անջատել է ինտերնետը, հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտոնյաներին: Ռեժիմը փորձել է թաքցնել բողոքի զանգվածային ցույցերի դաժան ճնշումը, որը, հնարավոր է, տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել: Սակայն կրակոցների, դիակների եւ բողոքի ցույցերի կադրերը, այնուամենայնիվ, հայտնվել են համացանցում:
ԱՄՆ պետդեպարտամենտը վերջին ամիսներին գնել է մոտ 7 000 Starlink տերմինալ, որոնց մեծ մասը՝ հունվարին, որպեսզի օգնի Իրանում այլախոհներին եւ ակտիվիստներին շրջանցել ինտերնետային սահմանափակումները, նշել են WSJ աղբյուրները։ Չնայած Թեհրանընօրինականորեն արգելել է Starlink-ը 2025թ․ հունիսին եւ պատժամիջոցներ է սահմանել խախտումների համար, երկրում, ըստ գնահատականների, գործել են տասնյակ հազարավոր տերմինալներ: Բայց սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ը ուղիղ Starlink է ուղարկել Իրան, նշել է թերթը:
Դոնալդ Թրամփը եւ Իլոն Մասկը, որի SpaceX ընկերությունը շահագործում է արբանյակային կապի համակարգը, հունվարին քննարկել են իրանցիներին Starlink-ի օգտագործման հնարավորություն տալու հարցը բողոքի ցույցերի ժամանակ, այն ժամանակ տեղեկացրել էր Սպիտակ տունը։ Թրամփը տեղեկացվել է Իրանին տերմինալներ մատակարարելու մասին, սակայն WSJ աղբյուրները չգիտեն՝ արդյոք նա կամ որեւէ մեկը հաստատել է այդ ծրագիրը։
ԱՄՆ-ը նաեւ ֆինանսավորում է իրանցիների համար հասանելի վիրտուալ մասնավոր ցանցերը (VPN), սակայն բարձրաստիճան պաշտոնյաները Starlink-ը գովազդում են անցյալ տարվանից՝ որպես հակակառավարական ուժերին աջակցելու լավագույն միջոց։
Մորա Նամդարը, որը մինչեւ դեկտեմբեր ղեկավարում էր պետդեպարտամենտի Մերձավոր Արեւելքի բյուրոն, օգոստոսին պնդել է Starlink-ը հատուկ Իրանի համար գնելու մասին։ Չնայած նրա բյուրոն «ֆինանսավորում է տարբեր VPN-ներ եւ այլ տեխնոլոգիաներ՝ ինտերնետի ազատությունն ապահովելու համար, դրանք անօգուտ են, երբ ինտերնետն անջատված է»,- գրել է նա պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։






































