«Եթե հանկարծ պատերազմի եռագլուխ կուսակցությունը Հայաստանում զավթի իշխանությունը, տեղի է ունենալու այն, ինչ նրանք արդեն մեկ անգամ արել են Ղարաբաղում»:
Այս մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 17-ի նիստում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ նշելով, որ հունիսի 7-ին ՀՀ ժողովուրդը գնալու է ու տեր է կանգնելու խաղաղությանը, պետությանը:
«Ժողովուրդն իր ընտրությամբ չի թողնելու, որ դուք մատաղ անեք այս պետությունը, ոնց որ մատաղ արեցինք սրանից առաջ, գիտեք, ինչը»,- հավելել է նա:
Դիմելով ընդդիմադիրներին՝ Կոնջորյանը հայտարարել է, որ վերջիններս մահ են տարածել ու վաճառել:
«Դուք մահվան վաճառականներ եք, դուք մահվան վաճառականներ եք Հայաստանի քաղաքական դաշտում… Հայաստանում պտտվում է գերանդիով մահը, և այդ գերանդիով մահը ուզում է հնձել-կտրել ՀՀ-ն, հնձել-կտրել Հայաստանի ինքնիշխանությունը, հնձել-կտրել մարդկանց կյանքը, ու որ գերանդիով մահվան վեղարը քաշես, դուրս կգան եռագլուխ կուսակցության գլուխները՝ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան:
Եվ այդ գերանդիով մահվան կուսակցությունն այսօր եկել, խոսում է պետությունից, մարդկանց կյանքից, խոսում է առողջապահությունից, խոսում է տարբեր վեհ արժեքներից, բարոյական կոդեքսից են խոսում»,- ասել է Կոնջորյանը:
Անդրադառնալով հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ ՀՀ ժողովուրդն ունի իր «Ավետյաց երկիրը», իր պետությունը. դա պահելու և պաշտպանելու, և այդ պահպանության կարևոր առհավատչյան լինելու է հունիսի 7-ի ընտրությունները:







































