Օմանի մայրաքաղաք Մասկատում մեկնարկել են բանակցություններն Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ, տեղեկացրել է «Մեհր» գործակալությունը։
«Մասկատում պաշտոնապես սկսվել են իրանա-ամերիկյան բանակցությունները միջուկային ծրագրի վերաբերյալ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի եւ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի նախագահությամբ, Օմանի միջնորդությամբ»,- նշվել է գործակալության հաղորդագրությունում։
Ինչպես սպասվում է, բանակցությունների թեման լինելու է Իրանի միջուկային ծրագիրը։
Նախօրեին Իրանի ԱԳՆ ղեկավարը Օման մեկնելուց առաջ X սոցցանցում գրել էր, որ սկսում է ԱՄՆ-ի հետ միջուկային խորհրդակցությունները «բարեխղճորեն, լիովին հաշվի առնելով անցյալի փորձն ու լի սեփական իրավունքները պաշտպանելու վճռականությամբ»։
Արաղչին ընդգծել է, որ Թեհրանի դիվանագիտական մոտեցումը ձեւավորվում է թե՛ բացության, թե՛ զգուշության հիման վրա։
«Պարտավորությունները պետք է կատարվեն։ Հավասար կարգավիճակը, փոխադարձ հարգանքը եւ փոխադարձ օգուտը հռետորաբանություն չեն, այլ անհրաժեշտություն եւ երկարատեւ համաձայնագրի հիմք»,- ընդգծել է նախարարը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ սպառնացել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ կլինի կոշտ միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ, եթե երկիրը փորձի վերականգնել իր միջուկային ծրագիրը։
Axios պորտալը չորեքշաբթի՝ հղում կատարելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ բանակցությունները կկայանան շնորհիվ այն բանի, որ մի քանի արաբ առաջնորդներ համոզել են Թրամփին չչեղարկել դրանք, չնայած ամերիկացիներն իրենք դեռեւս թերահավատորեն են տրամադրված։
Երկրները նախկինում անցկացրել են բանակցությունների հինգ փուլ։ Բանակցությունները հետագայում դադարեցվել են, քանի որ Իսրայելը, իսկ հետո Միացյալ Նահանգները, 2025թ․ հունիսին ավիահարվածներ են հասցրել Իրանին։






































