224 կմ երկարությամբ Կարս–Իգդիր–Արալըկ–Դիլուջու երկաթգիծը մեծ նշանակություն ունի Զանգեզուրի միջանցքի համար։ Այս երկաթուղային գծի ակտիվ շինարարությունը շարունակվում է անցյալ տարվանից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ հավելելով, որ Զանգեզուրի միջանցքի երթուղու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են նաև Ադրբեջանի տարածքում։
Միևնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրել միջանցքի՝ հայկական տարածքով անցնող հատվածի շինարարության մեջ ԱՄՆ-ի մասնակցության վրա։ «Մենք այս հարցում առաջընթաց ենք ակնկալում ընթացիկ տարում։ Դրանով իսկ կկարողանանք Զանգեզուրի միջանցքը շահագործման հանձնել մինչև 2030 թվականը»,- ասել է տրանսպորտի նախարարության ղեկավարը։






































