Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը Եվրոբասկետ-2029-ի նախընտրական փուլի 3-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունեց Բուլղարիայի ընտրանուն և 80-100 հաշվով պարտություն կրեց: Սերբ մասնագետ Բոգդան Կարաչիչի գլխավորած թիմի համար սա 3-րդ անընդմեջ անհաջողությունն էր, ինչի արդյունքում մեր թիմը կորցրեց հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը:
Երևանի «Սպորտի կառավարման կենտրոնում» կայացած հանդիպման հիմնական մասն անցավ համառ ու լարված պայքարում։ 3 քառորդների արդյունքում հյուրերն ունեին ընդամենը 4 միավորի առավելություն (56-60), իսկ որոշ դրվագներում հայ բասկետբոլիստներին հաջողվում էր նույնիսկ առաջ անցնել հաշվի մեջ: Այնուամենայնիվ, վճռորոշ 4-րդ քառորդում բուլղարացիներն ավելի արդյունավետ գտնվեցին և կարողացան մեծացնել հաշվի տարբերությունը: Հայաստանի հավաքականի կազմում հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց ֆրանսիական «Բուրժը» ներկայացնող խաղարկող Դարիուս Մաքգին, որը վաստակեց 35 միավոր:
Հիշեցնենք, որ նախորդ 2 խաղերում մեր թիմը պարտվել էր Նորվեգիային (62-74) և նույն Բուլղարիային (88-98՝ 2025 թ. նոյեմբերի 27-ին կայացած արտագնա մրցավեճում): Նախընտրական փուլի վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հուլիսի 2-ին՝ ուժերը չափելով նորվեգացիների հետ:






































