Իրանի իշխանությունները սկսել են խափանել Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետը

Իրանի իշխանությունները երկրում արգելափակել են ինտերնետը, որպեսզի խանգարեն վարչակարգի դեմ հանդես եկողներին համակարգել իրենց գործողությունները և տեղեկատվություն տարածել բողոքի ցույցերի դաժան ճնշումների մասին։ Սակայն երկրում շարունակում է մասնակիորեն գործել Իլոն Մասկի SpaceX ընկերության Starlink արբանյակային ինտերնետը։ Այժմ վարչակարգը փորձում է ճնշել նաև այն։

Չնայած արգելքին՝ Starlink-ը շարունակում է աշխատել, Reuters-ին հայտնել են Իրանում գտնվող երեք անձինք, ովքեր օգտվում են դրանից։ Նրանցից մեկի խոսքով, ով երկրի արևմուտքում գտնվող իր տասնյակ ծանոթները ինտերնետ հասանելիություն ունեն Starlink-ի միջոցով, իսկ սահմանամերձ բնակավայրերում ծառայությունը հիմնականում գործում է առանց խափանումների։ «Այն կայուն չէ, բայց դեռ աշխատում է»,- ասում է NetBlocks ինտերնետի մոնիտորինգի խմբի հիմնադիր Էլփ Թոքերը, ով զրուցել է այդ տարածաշրջանի մարդկանց հետ։

Երկուշաբթի օրը NetBlocks-ի գնահատմամբ՝ Իրանում ֆիքսված և բջջային ինտերնետն աշխատել է սովորական մակարդակի ընդամենը 1%-ի չափով։ Իշխանությունները սկսել են որս կատարել նաև Starlink-ի նկատմամբ, որի օգնությամբ համաշխարհային ցանց են հասնում իրանական քաղաքների փողոցներից կադրեր, որտեղ ուժայինները փորձում են դաժանորեն ճնշել բողոքի ցույցերը, գրում են ԶԼՄ-ները։ Անցած հանգստյան օրերին իշխանությունները սկսել են փնտրել և բռնագրավել Թեհրանի արևմտյան շրջաններում գործող Starlink-ի տերմինալները, The Wall Street Journal-ին պատմել է Miaan Group ամերիկյան ոչ առևտրային կազմակերպության թվային իրավունքների և անվտանգության տնօրեն Ամիր Ռաշիդին։

Starlink-ը Իրանում աշխատելու լիցենզիա չունի, սակայն Մասկն ավելի վաղ հայտարարել է, որ ծառայությունն այնտեղ գործում է։ 2022 թվականի դեկտեմբերին նա X-ում գրել է, որ տերմինալների թիվը մոտենում է 100-ի։ 2025 թվականի հունիսին Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցած 12-օրյա պատերազմից հետո խորհրդարանն օրենսդրորեն արգելել է Starlink-ը և պատիժներ սահմանել խախտումների համար։

Այնուամենայնիվ, «ըստ տեղեկությունների՝ Իրանում աշխատում են տասնյակ հազարավոր Starlink սարքեր»,- գրում է Iran Wire-ը, սակայն անցյալ շաբաթվա վերջին «անջատումը դիպել է նաև արբանյակային միացումներին». սկզբնական շրջանում խաթարվել էր Starlink-ի թրաֆիկի մոտ 30%-ը և մի քանի ժամվա ընթացքում այդ ցուցանիշն արագորեն աճել է՝ հասնելով «ավելի քան 80%-ի»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031