2026 թվականին Եվրոպայի համար գլխավոր մարտահրավերը կդառնան ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, իսկ Գրենդլանդիայի հասցեին Վաշինգտոնի սպառնալիքները կարող են կործանել տրանսատլանտյան գործընկերության հավասարակշռությունը։ Նման կարծիք է հայտնել Eurasia Group վերլուծական կենտրոնի փորձագետ Մուջտաբա Ռահմանը՝ եվրոպական Politico պարբերականի համար գրված իր սյունակում։
Նրա կարծիքով՝ 2026 թվականի սկզբին Եվրոպան հայտնվել է «պաշարման մեջ»՝ արտաքին մարտահրավերների պատճառով։ Դրանց թվում փորձագետը նշում է ուկրաինական ճգնաժամը, չինական ընկերությունների կողմից աճող ճնշումը, ինչը խարխլում է տարածաշրջանի արդյունաբերական բազան, և Գրենլանդիան բռնակցելու վերաբերյալ ԱՄՆ-ի սպառնալիքները, որը Վաշինգտոնի ՆԱՏՕ-ական դաշնակից Դանիայի տարածքն է։ Կղզու նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը հարվածում է Եվրոպական միության արտաքին քաղաքականության հիմքերին, որոնք «ավելի ու ավելի հնացած են թվում մի աշխարհում, որն ավելի շատ հենվում է երկկողմ գործարքների, քան բազմակողմ համագործակցության վրա»։
«Նայելով առաջ՝ կարելի է արձանագրել, որ Եվրոպայի համար ամենամեծ էկզիստենցիալ ռիսկը բխում է տրանսատլանտյան գործընկերությունից։ Դաշինքի առաջնորդների համար 2025 թվականի առանցքային նպատակը ուկրաինական պատերազմի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը պահպանելն է եղել։ 2026 թվականի լավագույն արդյունքը կլինի առանձին թեմաների շուրջ դիվանագիտական աշխատանքի շարունակությունը և հարաբերությունների նկատմամբ գործնական մոտեցումը, ինչը որոշիչ է եղել վերջին 12 ամիսների ընթացքում։ Սակայն եթե այդ հարաբերություններում հայտնվեն նոր սպառնալիքներ, հատկապես Գրենլանդիայի հարցում, ապա նման հավասարակշռումն անհնար կդառնա», — գրում է Ռահմանը։
Եվրոպայի խնդիրները բարդանում են տարածաշրջանի առաջատար երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի քաղաքական առաջնորդների ու կառավարությունների թուլությամբ, նշում է հեղինակը։ Մասնավորապես, Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է բախվել Լեյբորիստական կուսակցության ներսում առկա խռովությանը և կորցնել պաշտոնը։ Մայիսին երկրում տեղի կունենան միջանկյալ ընտրություններ, որոնցում լեյբորիստները կարող են նվաստացուցիչ պարտություն կրել։ Ֆրանսիայում Սեբաստիեն Լեկոռնյուի փոքրամասնության կառավարությունը մինչ օրս չի ընդունել 2026 թվականի բյուջեն։ Գերմանիայում Ֆրիդրիխ Մերցի իշխող կոալիցիան պառակտված է գաղափարական պատճառներով և նրա համար դժվար է իրականացնել այն վճռական բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են երկրին՝ ձգձգվող տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար։
«Պատմական ճշմարտությունը, որը հաճախ մոռացվում է հանդարտ ժամանակներում, կրկին ի հայտ կգա 2026 թվականին. Եվրոպայում ազատությունը, կայունությունը, բարգավաճումն ու խաղաղությունը միշտ էլ անկայուն են։ Պատմական դադարը, որն ապահովել էին Pax Americana-ն, որը պահպանում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աննախադեպ համագործակցությունն ու ինտեգրումը, պաշտոնապես ավարտվել է», — գրել է Ռահմանը՝ նշելով, որ Եվրոպայի՝ որպես գլոբալ խաղացողի գոյատևումը կախված կլինի նրանից, թե արդյոք նա կկարողանա պատասխան տալ իր առջև ծառացած բոլոր մարտահրավերներին։






































