2024 թվականի տվյալներով՝ Հայաստանում 1 մլն 94 հազար մարդ դուրս է աշխատուժից: Աշխատուժից դուրս բնակչության մեջ ներառված են անձինք, ովքեր հետազոտվող ժամանակահատվածում չեն աշխատել և չեն փնտրել աշխատանք՝ չեն եղել զբաղված կամ գործազուրկ: Այս տվյալներն ամփոփված են ՀՀ վիճակագրական կոմիտեի «Աշխատանքի շուկան Հայաստանում — 2025» հրապարակման մեջ։
Թեմայի շուրջ Tert.am-ը խոսեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ ծրագրեր են ներկայումս գործում աշխատուժից դուրս մնացած և գործազուրկ համարվող քաղաքացիների համար:
«Ամեն ամիս ՊԵԿ-ը հրապարակում է գրանցված աշխատատեղերի թիվը. դա մոտավորապես 5,000-6,000-ով ավելի է լինում՝ քան նախորդ ամսվանը: Սա ցույց է տալիս, որ աճող գրանցված աշխատատեղերի թվի հետ գործազրկության թիվը նվազում է»:
Անդրադառնալով աշխատունակությունից դուրս մնացածների համար նախատեսված իրականացվող ծրագրերին՝ Նվեր Կոստանյանը նշեց, որ այդպիսիք շատ են՝ մասնավորապես ՄՍԾ տարածքային կենտրոններում ուղղորդում են գրանցված և դիմող քաղաքացիներին՝ նրանց կապելով տարբեր գործատուների հետ, առաջարկում են տարբեր աշխատանքներ.
«Մենք հիմա ունենք անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիր, որոնց խրախուսում ենք դեպի ֆորմալ զբաղվածություն: Երբ որ իրենք ձեռք են բերում ֆորմալ զբաղվածություն՝ իրենց ողջ եկամտահարկը ուղղվում է իրենց վարկի մարմանը:
Վերջնարդյունքում նրանք ունենում են և ֆորմալ զբաղվածություն և մաքրում են իրենց ոչ բարենպաստ վարկային պատմությունը»:
Խոսելով քաղաքական բարեփոխումների մասին, որոնք կօգնեն հասարակությանն ավելի շատ ընդգրկել աշխատուժի մեջ՝ Նվեր Կոստանյանը նշեց, որ իրենց քաղաքականությունները հենց դրան են միտված:
«Մենք միտված ենք աշխատանքի գաղափարի խրախուսմանը, աշխատանքի միջոցով սեփական բարեկեցությունը հոգալուն: Ծրագրերն էլ ուղղված են աղքատության հաղթահարմանն ու բարեկեցության բարձրացմանը»:
Եզրափակելով իր խոսքը՝ նշեց նաև, որ վերջերս ընդունված ԼՂ-ից տեղահանվածների ինքնազբաղվածության խթանման ծրագիրը ևս մեծ խթան է հանդիսանալու գործազրկության հարցի լուծելու համար:
Հիշեցնենք, որ սովորաբար աշխատուժից դուրս բնակչությանն են դասվում՝
առկա ուսուցմամբ սովորողները, ուսանողները.
տնային տնտեսությամբ զբաղվածները.
կենսաթոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք.
երեխաներին, հիվանդ հարազատներին խնամողները.
զանազան պատճառներով չաշխատող և աշխատանք չփնտրող այլ անձինք (սեփականության օգտագործումից եկամուտ ստացողներ, պարտադիր ժամկետային զինծառայողներ և այլք)։






































