Հակասանիտարական իրավիճակ՝ Երևանի Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում. բնակիչներն ահազանգում են

Արդեն 10 օր է՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում գարշահոտ ու հակասանիտարական վիճակ է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Խաչմերուկի մեջտեղում՝ ասֆալտապատ հատվածում, առաջացել է փոս, ըստ տեղեկությունների՝ դիտահորի վնասման պատճառով, ինչից կեղտաջուրը դուրս է գալիս ու անցնում մի քանի կիլոմետր։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«10 օրից ավելի է՝ վնասված ասֆալտի տակից կեղտաջուրը դուրս է գալիս, անտանելի հոտ է, հակասանիտարական վիճակ։ 10 օր է՝ զանգում ենք «Վեոլիա ջուր», նույն պատասխանն ենք ստանում՝ «Ձեր զանգը գրանցվել է, մասնագետները կմոտենան», բայց դեռ մոտենում են։

Եթե ցերեկը մի քիչ արև է լինում, էդ կեղտաջուրը չի սառում, բայց գիշերները սառելու հետևանքով վթարներ են տեղի ունենում։ Թաղապետարան զանգել ենք, քաղաքապետարան զանգել ենք, քաղաքապետարանն ասում է պետք է Էրեբունու թաղապետարանը զբաղվի, թաղապետարանից էլ ասում են՝ իրենց տիրույթում չէ, պետք է «Վեոլիա ջուրը» զբաղվի։ Հիմա չգիտենք ում դիմենք, մնում է դիմենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով եթե մի բառ ասի «պարոն Ավինյան, մի ձև գտեք ու էս խնդիրը լուծեք», հավատացեք վայրկյանների ընթացքում կանեն։ Մի՞թե սա էն հարցն է, որ պետք է վարչապետին դիմենք, բայց ստիպված ենք դիմում, որովհետև պատասխանատուները դարձել են «սառած էսկիմոսներ», իսկ դրա հետևանքով էլ ահավոր գարշահոտ ու հակասանիտարական վիճակը պահպանվում է»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031