Ակնհայտ է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Խաչիկ Գալստյանն ու Արամ Քոչարյանն ակտիվ արտահայտում են իրենց ընդդիմադիր քաղաքական դիրքորոշումները, պայքար են մղում ապօրինությունների ու հայրենավաճառության դեմ, դրա համար էլ հայտնվել են թիրախում: Այս մասին Tert.am-ին ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Հռիփսիմե Առաքելյանը՝ խոսելով Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի ձերբակալության մասին:
«Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունն այս իշխանության հրապարակումն է այն մասին, թե ինչ հիմքով են իբրև տարել այդ մարդկանց. այն է՝ կոռուպցիա, ընտրակաշառք: Անկեղծ ասած, մեզ համար անակնկալ է, որից բացարձակ տեղյակ չենք եղել:
Երեկ «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին ձերբակալել են, ձերբակալել են նաև Արամ Քոչարյանին՝ ով հանդիսանում է Վաղարշապատ համայնքի «Հայրենիք» կուսակցության պատասխանատուն: Գիշերը 11-12-ին միաժամանակ մտել են տուն, խուզարկություն են իրականացրել, խուզարկությունից հետո Արամ Քոչարյանին, ով Վաղարշապատի բնակիչ է, տեղափոխել են Երևան՝ Մոսկովյան փողոցի վրա գտնվող քննչական»,- նշել է նա:
Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարած ընտրակաշառքի մասին՝ Հռիփսիմե Առաքելյանը նշեց, որ խոսքն իբրև Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կաշառքի մասին է. «Ես իրենց մոտ եմ կարդացել, մենք բացարձակ տեղեկություն չունեիք, թե ինչ թեմա էր»:
Խոսելով ձերբակալման պատճառի «Հայրենիք» կուսակցության կարծիքի մասին՝ Հռիփսիմե Առաքելյանը նշեց, որ ըստ իրենց, սա հերթական քաղաքական հետապնդումն է, որն արդեն ակնհայտ է ու ծիծաղելի բոլորի համար:
«Ինչպես միշտ՝ այնպես էլ այս դեպքում, ակնկալիքներ չունենք: Ում ձերբակալում են, նախնական 2 ամսյա կալանքը դաջում են էդ մարդկանց վրա, ամեն ինչ սպասում ենք այս իշխանություններից»,- եզրափակեց նա:






































