Մեր խոստումը չենք կատարել, բայց մենք կունենանք Կապսի ջրամբար, գյուղը (Ջրաձոր– խմբ.) կտեղափոխվի (ջրամբարի կողքին գտնվող նոր գյուղ – խմբ.): Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ ջրամբարի կառուցումը կասեցված է, թեև նախկինում վերջնաժամկետ էր սահմանվել 2026 թվականը: Փաշինյանը պարզաբանել է, որ աշխարհի բոլոր երկրներում էլ լինում են դեպքեր, երբ նման խոշոր կապիտալ ծրագրերը չեն իրականացվում նախապես սահմանված ժամկետներում։ Որպես պատճառ նա նշել է կապալառուի կողմից իր պարտավորությունների և տված խոստումների չկատարումը։ «Նրա հետ պայմանագիրը խզված է։ Կփնտրենք նոր գործընկեր, որը ծրագիրը կիրականացնի։ Այսինքն՝ իմ խոստումն այսպես թե այնպես կկատարվի, իրենց (կապալառուի – խմբ.) խոստումը չի կատարվի, այսինքն՝ մենք կունենանք Կապսի ջրամբարը։ Մենք պետք է սովորենք մեր սխալների վրա։ Մենք պետք է ջրամբարների կառուցումը դարձնենք սովորական մի բան, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն», — ընդգծել է վարչապետը։







































