Ինձ որ տեսավ, հարցրեց՝ Վեհափառս ոնց է. Տեր Վրթանեսի կինը մանրամասներ է պատմում

Երեկ այցելել եմ Տեր Վրթանեսին հինգ րոպեով. իրեն ճանաչողները գիտեն, որ երբեք առողջականից չի բողոքում, ինչքան էլ ծայրահեղ վիճակում գտնվի, երեկ էլ ձեռքով փթիկ ցույց տվեց, որ ես լավ եմ, մի անհանգստացիր։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանի երեցկինը՝ Լիանա Պարոնիկյանը։

«Երեկ շատ կարճ եմ տեսակցել, այսօր արդեն նաև խոսել եմ բժշկի հետ, ասաց, որ գիշերը համեմատաբար ավելի լավ է եղել։ Դինամիկա չկա, քանի որ երեք օր պիտի սպասենք, մինչև այդ կրիտիկական իրավիճակը անցնի։ Մեկ օրը արդեն անցել է, հուսամ երկու օրն էլ լավ կանցնի։ Իրականում ամբողջ ժողովուրդը կանգնած աղոթում է Տեր Հոր համար։ Ինքը այնքան բաներ ունի արած, որ ես վստահ եմ, որ Աստված մեր կողքին է լինելու և մեր ընտանիքի կողքին։

Գիշերվա տվյալներով միայն գիտեմ, որ ճնշումը կարգավորել են ապարատների միջոցով, առավոտյան անջատել են։ Ինքը ճնշման խնդիր ուներ, շաքարի խնդիր ուներ, շաքարն էլ բարձր է այս պահին, ասացին, որ դա վիրահատության հետևանք է։ Մի խոսքով սպասում ենք այս 72 ժամը լրանալուն»,–ասաց նա։

Երեցկինը ընդգծեց, որ առաջին բանը, որ իրեն ասել է, հետևյալն էր. «Ինձ ասաց՝ վեհափառս ոնց է, ասացի՝ փաստորեն դու էլի այս վիճակում մտածում ես առաջինը եկեղեցի, հայրենիք, երրորդ տեղում ես։ Ծիծաղեց։ Իրականում իր նման մարդիկ եզակի են, չգիտեմ երկրորդը կա Հայաստանում թե ոչ։ Ինչպես որ ինքը սիրում է սրտանց եկեղեցին, հայրենիքը, ընտանիքն էլ նույն կարգավիճակում է, բայց այս պահին ինքը հայրենիքի կողքին է պետք։ Ու ես վստահ եմ, որ այն առաքելությունը, այն նպատակը, ինչի հետևից ինքը գնում է, պիտի հասնի, որովհետև Աստծով ենք առաջ շարժվում։

Ես հարցրեցի՝ միանգամի՞ց ես վատ զգացել, ասաց՝ ոչ, ես ինձ վատ էի զգում, ուղղակի այդ խառնամբոխի շրջանում ես չէի կարող առանձնանալ,սպասեցի, որ մի քիչ մարդիկ ցրվեն, որ կարողանամ արդեն տեղեկացնել, որ վատ եմ։ Բայց արդեն հասել է այն կետին, որ չի կարողացել ոտքի վրա կանգնած մնալ, նստել է ու միանգամից արդեն վատացել է։

Եթե ինքը ավելի շուտ ընկերներին զգուշացներ, որ վատ է զգում, միգուցե հասցնեին հիվանդանոց և այսքան միջամտությունների կարիք չլիներ։

Ինձ հետաքրքրում էր, միգուցե դեղերը չի խմել, դրա համար է վատ զգացել, ասաց՝ ամեն ինչ խմել եմ, ամեն ինչ կարգին է եղել, ուղղակի նյարդային ապրումների պատճառով է եղել»,–ասաց նա։

Երեցկինը տեղեկացրեց, որ երկու ստենտ երեկ են տեղադրել, ևս 3–ը նախատեսվում է 72 ժամը լրանալուց հետո տեղադրել։

Հիշեցնենք, որ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ լարված իրավիճակ էր, վատացել էր Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը, նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց և սիրտը ստենտավորել են։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031