Թույլ տվեք շնորհակալություն հայտնել նաև Ադրբեջանի ղեկավարությանը, որ հնարավորություն է տվել Հայաստանին ուղիղ առևտուր իրականացնել՝ օգտվելով Ադրբեջանի տարածքից: Այդ մասին Ղազախստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փաստաթղթերի փոխանակումից հետո հայտարարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
«Այս տարվա նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան է մատակարարվել ղազախական հացահատիկի առաջին տոննան: Սա շատ կարևոր քաղաքական և տնտեսական նշանակություն ունի:
Մենք պայմանավորվել ենք նաև ամրապնդել մեր փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում և ապահովել կայուն մատակարարումները: Այս ուղղությամբ աշխատելով՝ մենք համաձայնել ենք բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել:
Հիմնական առաջադրանքներից մեկն էլ այն է, որ ուղիղ չվերթեր հաստատվեն Երևանի և Աստանայի միջև: Այս կապակցությամբ մենք ունենք կոնկրետ պլաններ, և հուսով եմ՝ մոտակա ժամանակներում համապատասխան քայլերը կձեռնարկվեն»,- ասել է նա:






































