12 մետրանոց 45 տրոլեյբուսները Չինաստանից ՀՀ կհասնեն 2026–ին. Դրանք կտեղավորեն 85 ուղևոր

Երևանի քաղաքապետարանը 12 մետրանոց 45 տրոլեյբուս է գնել Չինաստանից, որոնք Հայաստան կհասնեն հաջորդ տարվա առաջին կիսամյակում։ Դրանց կանխավճարն արդեն փոխանցվել է։

Ըստ պայմանագրի՝ յուրաքանչյուր տրոլեյբուսի արժեքը 96 մլն դրամ է։ 12 մետրանոց տրոլեյբուսները կկարողանան տեղափոխել շուրջ 85 մարդ, դրանք հագեցած կլինեն ծալովի թեքահարթակներով` անվասայլակներով մարդկանց համար:

Հիշեցնենք, որ դեռևս հունիսին քաղաքապետի նախկին մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել տարեսկզբին խոստացված 45 տրոլեյբուսներից 30-ը՝ թերհավաքագրումների պատճառով։ Նա դրա համար մեղադրել էր տրանսպորտի թանկացման դեմ պայքարողներին։

Ավելի ուշ՝ հոկտեմբերին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ առանց տոմսի ուղևորներին վարչական պատասխանատվության ենթարկելու օրենքի ընդունումից հետո եկամուտների 20% աճ է գրանցվել։

Նշենք, որ Երևանի ավագանու վերջին նիստում Ավինյանը նաև հայտնել էր, որ հաջորդիվ պլանավորում են ձեռք բերել 250 հատ 18 մետրանոց ավտոբուս, դրանք պետք է ձեռք բերեն մեկ խմբաքանակով։ Մինչև տարեվերջ ավտոբուսների ձեռքբերման հարցը կքննարկվի ներդրումային կոմիտեի նիստում:

Հիշեցնենք նաև, որ կառավարության սեպտեմբերի 18–ի նիստում որոշվել էր 2 մլրդ 138 մլն դրամ հատկացնել 45 նոր տրոլեյբուսների և 104 նոր վերելակների ձեռքբերման համար կանխավճարի համար:

Նշվել էր, որ տրոլեյբուսները կփոխարինեն արդեն 18 տարուց ավել օգտագործվող 30 «ԼԻԱԶ» տրոլեյբուսներին։

«Այլևս մենք չենք ունենալու քաղաքում հին տրոլեյբուսներ։ Այս գնումով Երևան քաղաքի տրոլեյբուսային պարկն ամբողջապես իր կազմը փոխում է նոր տրոլեյբուսներով»,- հայտարարել էր Ավինյանը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930