Արցախի պետնախարարի նախաձեռնությամբ ստեղծված բարեգործական հիմնադրամը կաջակցի սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին

Հաշվի առնելով մեր հայրենակիցների օրեցօր ծանրացող սոցիալական վիճակը՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանի նախաձեռնությամբ օրեր առաջ ստեղծվել է «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամը։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Իսկանդարյանը:

«Հիմնադրամի հիմնական նպատակն է աջակցել և թեթևացնել պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքների, 2023 թ․ սեպտեմբերի 25-ի աղետալի պայթյունից տուժածների, վիրավոր ու հաշմանդամ դարձած մեր քաջորդիների, ինչպես նաև սոցիալապես առավել խոցելի ընտանիքների հոգսերը։ Մեր առջև դրված կարևորագույն խնդիրն է՝ համախմբելով հայության ներուժը, աջակցել նրանց, ովքեր այսօր ամենից շատը դրա կարիքն ունեն։ Մոտ ժամանակում հիմնադրամը պաշտոնապես կդիմի բոլոր ֆինանսապես կայուն և հայրենիքի ճակատագրով մտահոգ հայրենակիցներին՝ ակնկալելով նրանց գործուն մասնակցությունն ու աջակցությունը։

Հիմնադրամի գործունեությունը լինելու է բաց, թափանցիկ և հաշվետու։ Մենք համոզված ենք, որ համազգային աջակցության շնորհիվ այս նախաձեռնությունը կդառնա իրագործված ծրագիր, և միասին կկարողանանք թեթևացնել մեր ժողովրդի գոնե մի հատվածի ծանրացած հոգսերը։ «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամը ոչ միայն օգնության միջոցառումների կազմակերպիչն է, այլև հավատքի ու միասնականության հարթակ՝ ի նպաստ մեր ժողովրդի»,- նշեց նա:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930