Կարիբյան ծովում բռնել և բաց է թողնվել իր տեսակի մեջ առաջինը՝ սպիտակ աչքերով վառ նարնջագույն դայակ-շնաձուկը (Ginglymostoma cirratum): Շնաձկան մոտ հայտնաբերվել է քսանթիզմ կամ քսանթոքրոմիզմ կոչվող հազվագյուտ հիվանդություն, որը մեծացնում է մաշկի դեղին պիգմենտացիան: Պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ նման հիվանդությամբ շնաձուկ է հայտնաբերվել: Ծովային գիշատիչը միաժամանակ ալբինիզմ կոչվող հիվանդություն ունի, որի պատճառով շնաձուկն սպիտակ աչքեր ունի: Հետազոտությունը հրապարակվել է Marine Biodiversity գիտական հանդեսում, գրում է Live Science-ը:
Գիտնականները հետազոտել են 2 մետրանոց արտասովոր նարնջագույն դայակ-շնաձկանը: Թեև քսանթիզմը հանդիպում է տարբեր կենդատեսակների շրջանում, սովորաբար դեղին և նարնջագույն երանգի, այս հիվանդությունը շնաձկների մոտ դեռևս չի հայտնաբերվել:
Դայակ-շնաձկները սովորաբար դեղինից մինչև մոխրագույն-շագանակագույն երանգների են: Նախկինում եղել են հաղորդագրություններ այս տեսակի անսովոր գունազարդման մասին, դրանց թվում՝ ալբինիզմ (մաշկի և ծիածանաթաղանթի մելանինի պիգմենտացիայի լիակատար բացակայություն) և հնարավոր քսանթոքրոմիզմ, գրում է Фокус-ը: Սակայն առաջին անգամ գիտնականները հաստատել են քսանտոքրոմիզմով դայակ-շնաձկան գոյությունը։
Գիտնականները միաժամանակ պարզել են, որ շնաձկան աչքերում բնորոշ սև ծիածանաթաղանթ չկա, ուստի դրանք լիովին սպիտակ են։ Հետազոտողները եզրակացրել են, որ շնաձուկը տառապում է և՛ ալբինիզմից, և՛ քսանտոքրոմիզմից։ Նման համակցված հիվանդություն շնաձկների շրջանում երբեք չի նկատվել։
Գիտնականները շարունակում են ուսումնասիրել շնաձկների աննորմալ գունանյութի պատճառները։ Նման հիվանդությունները սովորաբար կապված են գենետիկայի հետ։ Սակայն հետազոտության հեղինակները կարծում են, որ այս դայակ-շնաձկան անսովոր գունավորումը կարող էր ջերմաստիճանի բարձրացման և շրջակա միջավայրի փոփոխությունների ազդեցության արդյունք լինել, չնայած այդ փոփոխությունների համար կա գենետիկական հիմք։ Իրավիճակը պարզաբանելու համար անհրաժեշտ են հետագա հետազոտություններ։
Ինչպես է գոյատևել անսովոր գույն ունեցող չափահաս դայակ-շնաձուկը, հարցեր է առաջացնում գիտնականների շրջանում։ Կենդանիները սովորաբար զարգանում են՝ ձեռք բերելով որոշակի գույներ՝ շրջակա միջավայրում գոյատևելու համար։ Սակայն շնաձկան վառ նարնջագույն երանգը, որը անսովոր է այս տեսակի համար, կարծես թե չի խանգարել նրան ապրել երկար տարիներ։