Ստացվում է, որ Վարդան Օսկանյանի կինը բարեգործական կազմակերպություն է հիմնադրում, և այդ կազմակերպության իրականացրած չակերտավոր «բարեգործության» արդյունքում տարեկան 120 երեխա, եթե անգամ ամեն երեխա միջինը երկու տարի գնա մանկապարտեզ, ապա ստացվում է 1200 դիլիջանցի երեխա 20 տարի զրկվել է մանկապարտեզ գնալու իրավունքից։ Այս մասին այսօր՝ հունիսի 5–ին, կառավարության նիտում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
«Այսինքն Վարդան Օսկանյանը և իր տիկնոջ բարեգործության արդյունքում 1200 դիլիջանցի երեխա ընդհանրապես 20 տարվա ընթացքում չի գնացել մանկապարտեզ։ Սա ա էս մարդկանց բարոյական նկարագիրը և իրենց իրականացրած բարեգործությունների շրջանակը, որից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մինչև կոկորդը կուշտ են»,– հավելեց նա։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այո, այստեղ քաղաքական կոմպոնենտ կա, ու դա էն չի, որ մենք ինչ-որ մեկի այդպես թշնամացած ենք։ Քաղաքական կոմպոնենտն այն է, որ մենք մարդկանց առաջ ստանձնել ենք պարտավորություններ։ Մյուս կողմից, տեսեք, հիմա Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, ինչ-որ հայցերից դատախազությունը կհրաժարվի և կառավարությունը էլ չի առարկում, որովհետև եթե մեր սկզբունքը լիներ բոլոր տեղերից հնարավոր ամեն ինչը վերցնել, այսքան չէինք չարչարվի, այսքան օրենքի նախագիծ, փոփոխություն, նոր օրենք, նոր դատարան, նոր համակարգ, Սահմանադրական դատարանի որոշում և այլն, Եվրոպական դատարանի որոշում։ Հենա կգնայինք, կվերցնեինք։
Մենք չենք ուզում մեր երկիրը իրավականության ռելսերից դուրս դնենք, որովհետև դա իրավակարգի և պետության կորուստ կլինի։ Բայց մյուս կողմից էլ մենք հետևողական ենք, որովհետև այո, մարդկանց առաջ ստանձնել ենք պարտավորությունը, այո, գուցե ուշացումով, այդ համակարգը թափ է հավաքում և բնականաբար մեծ հակազդեցություն է լինելու։ Ինքչքան գնա, հակազդեցությունը մեծանալու է։
Նաև այդ հակազդեցությունից պաշտպանվելու համար է, որ մենք հասցեական, թիրախային պետք է ասենք։ Ես պատահական օրինակը չբերեցի, այդ նույն ժամանակ ես գիտեի չէ՞, բնականաբար, թե ում անվան հետ է կապվում, բայց ես ոչ մի անուն չտվեցի՝ մտածելով՝ դե լավ, ինչ կարիք կա ամեն անգամ շեշտել։ Բայց սրանից հետո այդպես չի լինելու, ամեն անգամ շեշտելու եմ, որովհետև այդ մեր կոռեկտության փորձը լրիվ ուրիշ ձև է օգտագործվում, լրիվ ուրիշ ձև է մեկնաբանվում։ Հետևաբար ոչ միայն իրերն ենք կոչելու իրենց անուններով, այլև իրերի հետ կապված մարդկանց էլ ենք կոչելու իրենց անուններով, որպեսզի որևէ տարընթերցում չմնա»,– հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ մինչ այդ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Դիլիջանի մանկապարտեզի հետ կապված պատմությունը, որի մասին խոսել էր նախկին կառավարության նիստերից մեկում, առնչվում է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին։