ՀՀ ԱԺ-ի և Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 26-ին ընդունել է Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահ (Ժոգորկու Քենեշի տորագա) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուին: Ալեն Սիմոնյանը նախ առանձնազրույց է ունեցել գործընկերոջ հետ՝ շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու իր հրավերն ընդունելու համար:

Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ տպավորված է Հայաստան այցով:

Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր՝ մասնավորապես շեշտը դնելով միջխորհրդարանական համագործակցության, ինչպես նաև երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի կապերի ակտիվացման վրա:

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի՝ արդեն ավարտին հասցված նախագծին՝ նշելով, որ հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել:

Դրան ի պատասխան՝ Ղրղզստանի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Ղրղզստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար:

Երկու երկրների տնտեսական կապերի ակտիվացման համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը հատուկ շեշտադրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը:

Հանդիպման ավարտին երկու երկրների ԱԺ նախագահների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի միջև համագործակցության մասին» հուշագիրը, որով նախատեսվում է ակտիվացնել երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի, հանձնաժողովների և աշխատակազմերի համագործակցությունը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031