«Խաղաղության» պայմանագրի շրջանակներում, միջազգային ատյաններից երկկողմ հայցերի հետ կանչելու հանգամանքը, թեև, քննարկվեց ադրբեջանական հերթական նախապայմանը կատարելու համատեքստում, սակայն սրա տակ, բացի քաղաքական բաղադրիչից, մարդկային ճակատագրերի խնդիր կա: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Պատահական չէր, որ երեկ կառավարության դիմաց էին հավաքվել անհետ կորած մեր հայրենակիցների բազմաթիվ ծնողներ, հարազատներ, որոնք այս հետքաշման/զիջելու որոշման հետևանքով անձնական ողբերգություն են ապրում:
Այս մարդիկ, որոնցից շատերի հետ շատ առիթներ եմ ունեցել զրուցելու, իրենց հույսը ոչ թե փաշինյանական խոստումների, այլ միջազգային կառույցների հետ են կապում, իսկ իշխանության հետքայլը համարում են վերջին հնարավորության մարում:
Միջազգային կառույցներում գտնվող այս հայցերը իրավական հարթության խնդիրներ են և քաղաքական պայմանավորվածություններով դրանց իրավական հետևանքները չեն վերացվում:
Բայց դե իշխանության անբարո դիմագիծը նոր չէ, որ պետք է բացահայտվի, իսկ նրանց քայլերն ամբողջությամբ ադրբեջանական տրամադրությունների ներքո են»,-գրել է նա։