Առաջիկայում սպասվում է վենչուրային նոր ֆոնդերի մուտքը Հայաստան և երկրում նոր լուծումներով մասշտաբային ծրագրերի իրականացում:
Այս մասին «Սիներջի» բիզնես կենտրոնում փետրվարի 19-ին կայացած Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 24-րդ համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտնել է զգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
«Կան ստարտափերի սեգմենտին վերաբերող դրամաշնորհային ծրագրեր, որոնք շարունակվում են, և ամբողջապես կառավարության տիրույթում են: Իհարկե, կան որոշակի օրենսդրական մեխանիզմներ, որոնց լավարկման վրա աշխատում ենք, բայց պետք է ասել, որ ներդրումային միջավայրի տեսանկյունից ստարտափ համայնքում բավականին լավ և հրապուրիչ ներդրումային միջավայր կա:
Առաջիկայում կտեսնեք նոր վենչուրային ֆոնդերի և նոր մասշտաբային լուծումային ծրագրերի մուտքը Հայաստան»,-ասել է Արշակյանը՝ հավելելով, որ փետրվարի 26-ին նախատեսված ԱՏՁՄ խորհրդի նիստում քննարկվելու է ինստիտուցիոնալ նոր մեխանիզմերի ներդրումը, որը վերաբերում է պետություն-մասնավոր ոլորտ համագործակցության շրջանակներում կրթության, գիտության և արդյունաբերության միջև կապի ապահովման պետական ծրագրերի մշակմանը:
ԱԺ փոխնախագահի փոխանցմամբ՝ ԱՏՁՄ ոլորտի հայկական ընկերությունները հիմնականում գործում են միջազգային շուկայում, սակայն խիստ ցանկալի է տեսնել նրանց աշխատանքը նաև Հայաստանի թվայնացման օրակարգերի շուրջ:
«Հուսով եմ, որ այդ առումով նույնպես զգալի ակտիվացում կունենանք: Չնայած կան Հայաստանում աշխատող ընկերություններ, բայց պետք է ասել, որ ոլորտում հիմնականում զբաղված են միջազգային շուկաներ արտահանման բիզնեսով: Հայաստանի դիրքը տարեցտարի ամրապնդվում է: Միանշանակ կա Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու հնարավորություն»,- նշել է Հակոբ Արշակյանը:
ԱՏՁՄ հիմնադրման 25-ամյակին ընդառաջ հրավիրված համաժողովը միավորել է նորարարության ոլորտի շուրջ 300 մասնակցի՝ Հայաստանից և արտերկրից:
Համաժողովի շրջանակներում տեղի են ունենալու ԱՏՁՄ խորհրդի և նախագահի ընտրություններ: