Skip to main content

Ամերիկացի ներդրող, TRIPP+ հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը մտադիր է Հայաստանից պղնձի արտահանումն ուղղել դեպի ԱՄՆ. Bloomberg

Ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը, որը ղեկավարում է TRIPP նախագծի հետ կապված TRIPP+ հիմնադրամը, նախատեսում է ընդլայնել ներդրումները Հայաստանի պղնձի արդյունաբերությունում և հաջորդ տարվանից Թեղուտի հանքավայրի արտադրանքն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն։ Այս մասին նա հայտնել է Bloomberg-ին տված հարցազրույցում:

Ամերիկյան Dynamic Frontier ներդրումային ընկերությունը, որը սեպտեմբերին ձեռք է բերել Հայաստանի երկրորդ խոշոր՝ Թեղուտի պղնձի հանքավայրը, նախատեսում է արդիականացնել արտադրությունը, ավելացնել ծավալները։ Bloomberg-ի հրապարակմամբ LinkedIn-ի իր էջում կիսվել է հենց ընկերության ղեկավար Կոնստանտին Սոկոլովը։

«Ուրախալի է տեսնել, որ Bloomberg-ը անդրադառնում է Հայաստանի ռազմավարական կարևորագույն հանքարդյունաբերական ակտիվներից մեկը վերագործարկելու իմ ծրագրերին։ Այս նախաձեռնությունը կնպաստի Հայաստանի տնտեսական աճին ու անվտանգությանը, ինչպես նաև կբարելավի ԱՄՆ-ի հասանելիությունը կարևորագույն հանքային ռեսուրսներին։

Իմ՝ ԱՄՆ-ում գործող «Dynamic Frontier» ներդրումային ընկերությունը սեպտեմբերին ձեռք բերեց Թեղուտի պղնձի հանքավայրը՝ Հայաստանի երկրորդ խոշորագույն հանքը։ Նպատակն է արդյունավետորեն շարունակել գործունեությունը՝ միաժամանակ ներդրումներ կատարելով արդիականացման մեջ և ավելացնելով արտադրական ծավալները։ Մենք նախատեսում ենք ստեղծել մի ձեռնարկություն, որը կկարողանա մրցակցել համաշխարհային մակարդակում և կայուն արժեք կստեղծի տեղական համայնքի համար»,- ասվում է Սոկոլովի էջում արված գրառման մեջ։

Ներդրողի խոսքով՝ գործարքի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի կարևոր հանքային ռեսուրսները ամերիկյան մատակարարման շղթաներին միացնելն է։
Սոկոլովը նախատեսում է տարեկան պղնձի խտանյութի արտադրությունը հասցնել 120-130 հազար տոննայի, ինչը համարժեք է մոտ 26-28 հազար տոննա պղնձի։ Արտադրական նոր հզորությունները նախատեսվում է շահագործման հանձնել 2030 թվականին, իսկ ամբողջական արտադրողականությանը հասնել 2031-ին։ Նշված ծավալը ավելի քան կրկնակի գերազանցում է հանքավայրի նախագծային հզորությունը՝ տարեկան մինչև 50 հազար տոննա պղնձի խտանյութ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության հուշագիրը տարածաշրջանի համար բացառիկ, փոխակերպող իրադարձություն է։ Ես մեծ հետաքրքրություն ունեմ ընդլայնելու գործունեությունս ամբողջ տարածաշրջանում, քանի որ միշտ խորապես հավատացել եմ դրա ներուժին՝ որպես մեկ ամբողջություն»,- ընդգծել է նա:

Թեղուտի հանքավայրի սեփականատիրոջ փոփոխության մասին հայտնի էր դարձել հուլիսին։ Ամերիկյան Dynamic Frontier Holdings ընկերությունը դարձել է հանքավայրը շահագործող «Կուպրար» ընկերության մասնակից։ Մինչ այդ հանքավայրի հիմնական բաժնետերն ու վարկատուն Ռուսաստանի պետական «ՎՏԲ» բանկն էր, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների ներքո։

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի՝ ICIJ-ի տվյալներով՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը՝ OFAC-ը, հունիսի 1-ին ամերիկյան ընկերությանը լիցենզիա էր տրամադրել հանքավայրի բաժնետոմսերն ու պարտքային պարտավորությունները ձեռք բերելու համար։

Թեղուտում արդյունաբերական արդյունահանումը սկսվել էր 2014 թվականի դեկտեմբերին, սակայն 2018 թվականի փետրվարին աշխատանքները դադարեցվել էին, ինչի հետևանքով ավելի քան հազար մարդ զրկվել էր աշխատանքից։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031