Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի և Լոռու մարզերում արձանագրել են բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
«Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում «ՄԵՐ ՔԱՐԵՐ» ՍՊԸ-ն ընդերքօգտագործման իրավունքով իրեն պատկանող «Մարտունու բազալտների հանքավայրում» օգտակար հանածոյի արդյունահանումն իրականացրել է առանց սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների առկայության։
Նույն մարզի Մարտունի համայնքի Երանոս բնակավայրի մերձակայքում գործող «ԷՄ ՋԻ ԷՄ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ն բետոնե շաղախի արտադրամասում բետոնախառնիչը շահագործել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության դրական եզրակացության և անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Լոռու մարզի Ալավերդի համայնքի Նեղուց բնակավայրում «ՍԹՈՒՆ ՔԱԹԻՆԳ» ՍՊԸ-ն քարի սղոցման, մշակման և հարդարման արտադրամասի շահագործման համար ջրառն ապահովել է Դեբեդ գետից և արտադրական կեղտաջրերը հեռացրել նույն գետ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։
Տեսչական մարմնի Գեղարքունիքի, Լոռու տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր անօրինական գործունեությունները կասեցվել են։
Ընկերությունների տնօրենների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 2.780.000 դրամ»,- ասվում է հաղորդագրությունում։






































