Skip to main content

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Հայաստանին չեն կարող հեռացնել Եվրասիական տնտեսական միությունից առանց նրա ցանկության, նույնիսկ եթե մյուս անդամ պետությունները նման մտադրություն ունենան։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Անդրադառնալով Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման վերաբերյալ հրապարակումներին՝ պատգամավորը նշել է, որ նման մտավախություն չունի։

«Չկա հիմա նման մտավախություն։ Հայաստանի Հանրապետությունը չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն»,– ասել է Հակոբյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը միությունից դուրս գալու ցանկություն չի հայտնել։

«Հայաստանը դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից»,– շեշտել է պատգամավորը։

Անդրադառնալով գործընկերների հետ հարաբերություններին և հնարավոր տարաձայնություններին՝ Հակոբյանը կարևորել է հարցերը քննարկումների միջոցով լուծելը։

«Թույլ տվեք նման կտրուկ հայտարարություններ չանել։ Ամեն ինչ հնարավոր է, սակայն մենք ուզում ենք, ինչպես տրամադրված ենք համագործակցային, այդպես էլ շարունակենք և հնարավորության դեպքում նաև սեղանի շուրջ քննարկենք բոլոր հարցերը, խնդիրները։ Նորմալ է, որ կարող են մեր գործընկերների, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի շրջանակում, լինել տարբեր հարցեր․ այդ հարցերին նորմալ է տալ պատասխաններ սեղանի շուրջ»,– նշել է նա։

Հոկտեմբերի 20-ին հայտնի էր դարձել, որ Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները պատրաստել են Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ զեկույց։ Փաստաթուղթն ուղարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ անդամ պետությունների ղեկավարներին փոխանցելու համար։ Զեկույցում նշվում էր, որ ԵԱՏՄ անդամ 4 երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը կարող են որոշում ընդունել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ մասին պայմանագիրը ժամանակավորապես կասեցնելու մասին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031