«Զանգեզուրի միջանցք»-ի թեմայի շուրջ ընթացող զարգացումները․ «Գեղարդ» հիմնադրամ

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է վերլուծական հոդված, որը անդրադառնում է «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ խոսույթներին և այն հարցին, թե ո՞վ է կիրառում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Վերջին շրջանում «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ խոսույթները շարունակում են մաս կազմել հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող միջազգային և միջպետական շփումների:

«Զանգեզուրի միջանցք» նախագիծը Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի բազմաթիվ անհիմն պահանջներից մեկն է։ Նպատակն է, խաթարելով Հայաստանի վերահսկողությունը սեփական ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ, կտրել հայ-իրանական սահմանն ու Բաքուն կապել Նախիջևանին և Թուրքիային։

Թեև նախկինում՝ բանակցային գործընթացի ընթացքում, Ադրբեջանին Սյունիքի հարավով դեպի Նախիջևան ճանապարհ տալու հարցը պարբերաբար քննարկվել է, սակայն 2020 թվականից հետո նախագահ Ալիևը պահանջում է միջանցք տրամադրել՝ Հայաստանի կողմից առանց որևէ հսկողության իրավունքի։

Ադրբեջանի ղեկավարությունը հղում է անում 2020 թվականի նոյեմբերի 10-ի փաստաթղթի 9-րդ կետին՝ այն մեկնաբանելով սեփական հայեցողությամբ։ Սակայն, պետք է արձանագրել, որ Բաքուն կոպտորեն խախտել է այդ փաստաթղթով իր ստանձնած պարտավորությունները։

Անցնած 4 տարիներին միջանցքի պահանջը պարբերաբար առաջին պլան է բերվել, սակայն որոշակի ժամանակահատվածներում Ալիևի հրապարակային խոսույթի առանցքային հարցը չի եղել։

2024 թվականի օգոստոսին տեղեկատվություն տարածվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ համաձայնությամբ որոշվել է բուն խաղաղության համաձայնագրից հանել տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը: Առաջինն այս մասին հայտարարեց Ադրբեջանի նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ նշելով․ ‹‹Բանակցային գործընթացին նպաստող գործոններից մեկն այն է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել մնացած հարցերից ամենավիճահարույցի շուրջ»։ Ադրբեջանի ներկայացուցիչը պարզաբանել է, որ հարցը վերաբերում է տրանսպորտային երթուղիների կազմակերպմանը, որը պետք է Ադրբեջանի մնացած տարածքը կապի իր էքսկլավ Նախիջևանի հետ։

Ի պատասխան ադրբեջանական կողմից հնչած այս հայտարարության՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտարարել է. «Փոխադարձ համաձայնությամբ բուն խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։ Պետք է ընդգծենք, որ դրանց արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջ մղվող օրակարգի կարևոր մաս: Այն լավագույնս արտացոլվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում՝ հիմնվելով հայտնի սկզբունքների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա»։

Թվում էր, թե այս համաձայնությունը պետք է որոշակի առումով թուլացներ հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի շուրջ ծավալվող քննարկումներն ու տեղեկատվական դաշտից դուրս մղեր ‹‹Զանգեզուրի միջանցք››-ի մասին Բաքվի ծրագրերը:

Սակայն, 2025 թվականի հունվարի սկզբին Ալիևը կրկին սպառնալիքներով պահանջել է տրամադրել միջանցքը, ինչպես նաև հարցը շոշափել է հունվարի վերջին՝ տրանսպորտային հարցերին վերաբերող խորհրդակցության ընթացքում։ Ըստ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցք»-ն արդեն միջազգային շրջանառության մեջ մտած տերմին է։

Հերթական սպառնալից հայտարարություններից առաջ Ալիևն ուժային ցուցադրություն էր իրականացրել՝ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների փոխադարձ այցեր, ռազմական բյուջեի մեծացման մասին հայտարարություն, տարբեր երկրներից սպառազինության ներկրում, Թուրքիայում՝ Հայաստանի հետ սահմանից ոչ հեռու, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացում։

Ռուսաստան – Իրան հակասությունները

2024 թվականի սեպտեմբերին միջանցքի հարցի շուրջ կրկին հակասություններ էին դրսևորվել Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև:

Իրանական կողմն իր մտահոգությունն էր արտահայտել այն մասին, որ Մոսկվան Հարավային Կովկասում, հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում, փորձում է ոտնահարել Թեհրանի շահերն ու վերջինիս կողմից բազմիցս հայտարարված կարմիր գծերը՝ կողմ արտահայտվելով Ադրբեջանի նարատիվով դաշտ նետված ‹‹Զանգեզուրի միջանցք››-ի ստեղծմանը: Իրանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ պարզաբանումներ էին պահանջել ռուսական կողմից՝ իրենց դժգոհությունն արտահայտելով պաշտոնական Մոսկվայից հնչող հայտարարությունների վերաբերյալ: Այսպես՝ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադահոսեյն Մալեքին իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Իրանն ակնկալում է, թե Մոսկվան կխուսափի Թեհրանի հետ հարաբերություններում պարադոքսալ պահվածքից: Նա հավելել էր, որ Իրանի դիվանագիտությունը խստորեն կպատասխանի ‹‹Զանգեզուրի միջանցք››-ին աջակցող ՌԴ նախագահի վերջին դիրքորոշումներին՝ ընդգծելով, որ Թեհրանի ազգային շահերը նրա կարմիր գիծն են, որը չի կարելի անցնել որևէ սպառնալիքով։ Մալեքին, ‹‹քննադատելով Ռուսաստանի երկակի ստանդարտները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ և ‹‹Զանգեզուրի միջանցք››-ի ստեղծմանն ուղղված նրա մղումը, այն անվանել էր «դանակի հարված թիկունքից»։

Իրանական կողմից հնչող հայտարարություններն անմիջական կապ ունեն 2024 թվականի օգոստոսի 18-19-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցի հետ։ Թեհրանի այդ մտահոգությունները փաստում են, որ ՌԴ նախագահի այցի ընթացքում անհանգստացնող հայտարարություններ են հնչել ինչպես Թեհրանի, այնպես էլ՝ Երևանի համար: ‹‹Միջանցք››-ի թեմայի շուրջ ԶԼՄ-ներում են հայտնվել նաև տարբեր փորձագետների և վերլուծաբանների հեղինակած նյութեր: Ամենահատկանշականը թերևս կարող է լինել ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունն այն մասին, որ ‹‹«Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված բոլոր երազներն ու պատրանքները երբեք իրականություն չեն դառնա»։

ԻԻՀ-ի կողմից արտահայտվող այս մտահոգություններին օրեր անց արձագանքել են ռուսական կողմից: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Թեհրանից հնչող անհանգստություններին և մտահոգություններին, նշել է․ «Ռուսաստանն Իրանին տրամադրել է անհրաժեշտ բոլոր պարզաբանումներն՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայի վերաբերյալ»։ Այնուհետև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով իրանական կողմի մտահոգություններին, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը պարզաբանել է, որ «Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Թեհրանի և Մոսկվայի միջև ձեռք բերված նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել»։

Ո՞վ է կիրառում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը

Ալիևի պնդումը, թե «Զանգեզուրի միջանցք» տերմինը մտել է միջազգային շրջանառության մեջ, Բաքվից բացի, վերաբերում է Անկարային և թյուրքական որոշ երկրներին։ Տարածաշրջանային և արտատարածաշրջանային շահագրգիռ պետություններն ու միջազգային կազմակերպությունները ևս չեն կիրառում այդ տերմինը։ Բացառություն էր 2024 թվականի հոկտեմբերին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի կողմից այդ տերմինի կիրառումը, որը լուրջ դժգոհություն էր առաջացրել նաև Իրանում։ Օրեր անց՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Սա, իհարկե, չի բացառում, որ հրապարակային հայտարարություններից զատ այլ պայմանավորվածություններ ևս կարող են լինել։

Վերադառնալով Ալիևի կողմից հարցի շահարկմանը՝ պետք է նշել, որ միջանցքի վերաբերյալ հռետորաբանությունը տարբեր է։ Ադրբեջանի նախագահը երբեմն սպառնալիքով ուղիղ պահանջում է միջանցք (հասկանալ տարածք) տալ, իսկ երբեմն էլ՝ հայտարարում, որ, եթե Հայաստանը չի ուզում, ինքը կտուժի և շրջափակված կմնա՝ նշելով Իրանի տարածքով այլընտրանքային ճանապարհի գոյությունն ու նոր ճանապարհի կառուցման հնարավորությունը։ Այս քաղաքականությունն օգտագործվում է շահագրգիռ այլ կողմերի հետ սակարկման և պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով։

Այսպիսով՝ Հարավային Կովկասում հաղորդակցման ուղիների հնարավոր ապաշրջափակումը կամ չբացումն ունի թե՛ տարածաշրջանային և թե՛ արտատարածաշրջանային շահագրգիռ կողմեր։ Հաշվի առնելով Հարավային Կովկասի լոգիստիկ կարևորությունը՝ ակնհայտ է, որ այդ կողմերից յուրաքանչյուրն այս և մյուս այլ հարցերում ձգտում է հասնել իր համար առավել բարենպաստ իրավիճակի:

Չնայած Ադրբեջանի ղեկավարը երբեմն հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հավակնություններ չկան, նրա վարած քաղաքականությունն այլ բան է վկայում։ Մի շարք եզրույթների կիրառումը՝ «Արևմտյան Ադրբեջան», «պայմանական սահման», «սահմանազատում` հաշվի առնելով պատմական իրողությունները» ապացույցն են այն բանի, որ Ալիևը ոչ միայն նպատակ չունի ճանաչելու ՀՀ տարածքային ամբողջականությունը, այլև ձգտում է կոնսենսուս ձևավորել, որին անդրադարձել է հունվարի 28-ի խորհրդակցության ժամանակ` պնդելով, որ տերմինաբանական առումով իբր այդ կոնսենսուսն արդեն կա

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728