Պատգամավորն առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի կազմակերպությունների հարկային բեռը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի ոլորտի կազմակերպությունների հարկային բեռը: 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը պատգամավորը ներկայացրեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում:

 Պատգամավորը նկատեց՝ վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիրտուալ մոլախաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության շրջանառության ծավալը:

 «Եթե 2010թ ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալը կազմում էր շուրջ 14 մլրդ դրամ, ապա 2023թ այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրիլիոն դրամի (խմբ.–միայն քաղաքացիների կողմից մուտքագրված գումարը չէ, ընդհանուր շրջանառության ծավալն է): Մինչդեռ հավաքագրվող հարկերն ու տուրքերն աճել են ընդամենը 26 անգամ: 2010թ 14 մլրդ դրամի շրջանառությունից հավաքագրվել է շուրջ 1 մլրդ դրամի հարկ կամ ծավալի 7.2 տոկոսը: 2023-ին 6.3 տրլն դրամ շրջանառությունից հավաքագրվել է 33 մլրդ դրամ հարկ կամ ծավալի 0.5 տոկոսը: Շրջանառության ծավալի և վճարած հարկերի հարաբերակցությունը նվազել է ավելի քան 14 անգամ»–ասաց Սարգսյանը:

Պատգամավորը հիշեցրեց՝ վերջին 5 տարիներին կատարվել են մի շարք փոփոխություններ՝ նպատակ ունենալով խաղային ոլորտը սահմանափակելուն ու հարկային բեռը բարձրացնելուն: Սակայն վիճակագրությունը, ըստ Սարգսյանի, ցույց է տալիս, որ ձեռնարկված քայլերը բավարար չեն, և անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել:

«Նախագծով առաջարկվում է առկա հարկերից ու տուրքերից բացի ոլորտի համար նախատեսել 10 տոկոս շրջանառության հարկ»,–ասաց Սարգսյանը: 

Նրա խոսքով՝ միջազգային փորձը ևս ցույց է տալիս, որ բազմաթիվ երկրներում ոլորտի համար նախատեսված է 10 տոկոս և ավելի շրջանառության հարկ: Օրինակ՝ Վրաստանում՝ 10 տոկոս, Ավստրիայում՝ 15 տոկոս, Գերմանիայում՝ 5–20 տոկոս, Իտալիայում՝ 20–22 տոկոս, Լեհաստանում՝ 12 տոկոս, Ֆրանսիայում՝ 8–10 տոկոս և այլն:

Այս տեսքով նախագծի ընդունման պարագայում շուրջ 100 մլրդ դրամ տարեկան ավել եկամուտ է ապահովվելու պետական բյուջե:

 Պատգամավորը համոզված է ՝ ընկերությունները շահույթ չեն ապահովում քաղաքացիների համար կամ չնչին շահութ են ապահովում: «Ավելին՝ այն քաղաքացիները, որոնք շահում են, ավելի ծայրահեղ վիճակում են գտնվում, քանի որ գայթակղվում են և ավելի մեծ գումարներ են շարունակում պարտվել»,–նշեց Սարգսյանը՝ հորդորելով քաղաքացիներին չխաղալ և չտարվել վիրտուալ մոլախաղերով: 

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ շրջանառության հարկը ոլորտի կազմակերպությունների համար պետք է լինի առնվազն 20 տոկոս: «Զարմանալի թիվ է, որ հարկերը կազմում են շրջանառության 0.5 տոկոսը, սա ողբերգություն է: Կարծում եմ՝ եթե որևէ ձեռնարկության շրջանառության 0.5 տոկոսը լինեն հարկերը, ՊԵԿ–ն անմիջապես մի 500 մլն կտուգանի: Սրանք մեր քաղաքացիների փողերն են: Ոչ ծառայություն են մատուցում, ոչ էլ արտադրանք են տալիս, որ ասենք՝ մեղմ մոտենանք, որ վերարտադրեն: Անհասկանալի է, որ մինչև հիմա թողել ենք, որ այս վիճակը լինի»,–նշեց պատգամավորը:

Հայկ Սարգսյանն ասաց, որ հրավիրում է ոլորտի 4 ընկերություններին տնտեսական հարցերի հանձնաժողով, որ ներկայացնեն իրենց շահույթը, ծախսերն ու հիմնավորեն դա: Եթե քննարկումների ընթացքում հասկանան, որ կարող են բեռը դարձնել 20 տոկոս, ապա պատգամավորը պատրաստ է ընդունել առաջարկն ու շրջանառության հարկը դարձնել 20 տոկոս ոլորտի կազմակերպությունների համար: 

Կառավարությունը նախագծին կողմ է: Սակայն պատգամավորի խոսքով՝ քննարկումների ժամանակ Ֆինանսների նախարարությունը նպատակահարմար չի համարել հարկերը բարձրացնելը, քանի որ վերջին տարիներին մշտապես բարձրացրել են հարկերը:  

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930