Եկամուտների հայտարարագրման համակարգի մասին խոսելիս որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում, թե բանկային գաղտնիքը վերացվել է, և պետական կառույցներն ու դրանց աշխատակիցները կարող են ստանալ ցանկացած տեղեկատվություն ձեր բանկային հաշվի վերաբերյալ. Նման բան չկա: Այս մասին իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պետությունը, պետական կառույցները ձեր բանկային հաշիվներին հասանելիություն չունեն:
Պետությունը չի տեսնում՝ ձեզ ով է գումար փոխանցել կամ դուք ում եք փոխանցել:
Պետությունը չի տեսնում՝ ձեզ քանի անգամ կամ երբ են գումար փոխանցել կամ դուք քանի անգամ եք փոխանցել:
Պետությունը չի տեսնում՝ ամեն անգամ ձեզ որքան գումար են փոխանցել կամ դուք որքան եք փոխանցել:
Պետությունը չի տեսնում ձեր հաշվի մուտքերի կամ ելքերի նպատակները:
Ի՞նչ է տեսնում պետությունը (տվյալ դեպքում ՊԵԿ-ը):
Բանկից ստանում է ընդամենը 2 թիվ. ձեր հաշիվներին տարվա ընթացքում կատարված դրամական մուտքերի հանրագումարը և ելքերի հանրագումարը:
Ձեր բանկային հաշվի վերաբերյալ ցանկացած այլ տվյալի պետությունը կարող է հասանելիություն ունենալ միայն ձեր համաձայնությամբ (եթե դուք անհրաժեշտության դեպքում տրամադրեք քաղվածքը) կամ դատարանի որոշմամբ:
Մի հավատացեք ապատեղեկատվությանը»,- գրել է նա։