Ներկայիս աշխարհը հայտնվել է ինստիտուցիոնալ լուծումների անարդյունավետության պայմաններում, ինչը մեծ ազդեցություն է ունենում ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի երկրների վրա։
Այս մասին «Մարտահրավերներ և հնարավորություններ՝ 2025-ին ընդառաջ» երկպանելային քննարկմանն ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա կարևորեց պարենային և էներգետիկ անվտանգության ռիսկերի կառավարումը։
«Շատ դեպքերում, երբ փորձում ենք գնահատել էներգետիկ ռեսուրսի բացակայությունը կամ ապրանքինը, ու այդ հարցը քննարկում ենք անջատ, թվում է՝ իրավիճակը կառավարելի է, բայց երբ որ այդ հարցը քննարկում ենք անջատ՝ իր տրանսպորտի, պահուստավորման, ենթակառուցվածքների, վիճակի պահեստավորմամբ, լրիվ այլ պատկեր ենք ստանում։
Ուկրաինայի դեպքերի սկսելուց աշխարհում ցորենի գինը շատ մատչելի էր, բայց այդ ցորենը Հայաստան հասցնելու խնդիրը շատ ավելի շատ կախվածություն ուներ լոգիստիկ լուծումներից, քան ապրանքային, շատ հաճախ այդ խնդիրները ի հայտ են գալիս նաև էներգառեսուրսների հետ, շատ դեպքերում միջազգային շուկաներում կա էներգետիկ ապրանքի մի գին, բայց լոգիստիկ ծախսերը ոչ միայն թանկացնում են, այլ նաև ուղղակի անհնարին են դարձնում մատակարարումը»,- ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ կայուն և էներգետիկ ռիսկերը կառավարելիս խնդիրը ոչ միայն ապրանքի գնի կամ ապրանքի լինելիության մեջ է, այլ նաև այդ ապրանքի մատակարարման հնարավորությունների, որոնք շատ դեպքերում ֆիզիկապես սահմանափակ են, և այդ իմաստով «Խաղաղության խաչմերուկ»-ը գերկարևոր նշանակություն ունի ռիսկերը չեզոքացնելու և շատ ավելի ադեկվատ ապրանքային, տնտեսական ու առևտրային հարաբերություններ ձևավորելու համար։