Բրազիլիայում տորնադո է մոլեգնել. զոհվել է առնվազն 5, վիրավորվել՝ մոտ 130 մարդ

Ուրբաթ օրը Բրազիլիայի հարավում գտնվող քաղաքներից մեկի վրա տեղի ունեցած տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, վիրավորվել՝ մոտ 130-ը, հաղորդում է AFP-ն։

Փոթորիկը մեքենաներ է շրջել և տներ վնասել Պարանա նահանգի Ռիու Բոնիտո դու Իգուասու մունիցիպալիտետում, հայտնել է տեղական օդերևութաբանական ծառայությունը։

«Տորնադոյի հետևանքով արդեն հինգ մահվան դեպք է հաստատվել», — AFP-ին տված հայտարարության մեջ նշել է Պարանայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։ «Նախնական հաղորդագրությունները նաև ցույց են տալիս, որ կա 30 մարդ՝ ծանր կամ միջին ծանրության վնասվածքներով, և մոտ 100-ը՝ թեթև վնասվածքներով»։

Պարանա նահանգի շրջակա միջավայրի տեխնոլոգիաների և մոնիթորինգի համակարգի տվյալներով՝ 14,000 բնակչություն ունեցող Ռիու Բոնիտո դու Իգուասուում քամու արագությունը հասել է ժամում 180-250 կիլոմետրի։

Գործակալությունը հայտնել է, որ «ծառեր են տապալվել և նույնիսկ վնասվել է տների քարե շարվածքը»։ Պարանայի նահանգապետ Ռատինյո Ժունիորը ուրբաթ օրը հայտարարել է, որ անվտանգության ուժերը բերվել են մարտական պատրաստականության, մոբիլիզացվել են և վերահսկում են փոթորկից տուժած քաղաքները։

Օդերևութաբանական ծառայությունների տվյալներով՝ վտանգավոր փոթորիկների մասին նախազգուշացում է տրվել ամբողջ Պարանա շրջանի, ինչպես նաև Սանտա Կատարինա և Ռիու Գրանդի դու Սուլ հարավային նահանգների համար։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930