Անհուսալի վարկեր ունեցող անձանց ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով` 2025 թ. փետրվարի 1-ից կգործարկվի միջոցառում, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։
Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։
Աջակցության չափը կկազմվի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։
Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։
Անհուսալի վարկեր ունեցող անձինք ծրագրին կկարողանան դիմել 2025 թ․ փետրվարի 1-ից։
Հիշեցնենք՝ կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում ՀՀ վարչապետը հայտնել էր, որ Հայաստանում կա 218 հազար մարդ, որոնք ունեն 1 մլն դրամից պակաս վարկ, որոնք առնվազն երեք տարի դասակարգված են որպես անհուսալի:
ԱՆիկոլ Փաշինյանը նշել է, որ նախագիծ է մշակվել և նրանց առաջարկվում է այս կարգավորման արդյունքում աշխատել և աշխատանքի ընթացքում այս պարտքերը մարել: