Ինձ ծանոթ չէ այդ դեպքը, և եթե նույնիսկ ծանոթ լիներ, որեւէ որակում տալ չէի, կարող, որովհետև արդարադատության նախարարի պաշտոնը բացարձակ չի ենթադրում որակումներ տալ, որակումներ տալ կարող են միայն իրավապահ մարմինները։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նրան, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի աշխատասենյակում ծեծի են ենթարկել քաղաքացուն և նրա կինը հայտարարել է, որ ծեծի հեղինակը կադրաստրի կոմիտեի նախագահն է, նրա պատվերով է արվել։
«Ենթադրյալ արարքների հետ կապված ես ի՞նչ որակումներ պետք է տամ»,–ասաց նախարարը։
Հարցին՝ եթե այդուհանդերձ, եթե նման դեպք եղած լինի, դա կբացահայտվի՞, թե կկոծկվի, նա արձագանքեց. «Եթե այդպիսի բան լինի, անկախ նրանից, թե ով է պատվիրատուն, ով է կատարողը, ես վստահ եմ, որ իրավապահ մարմինների պատշաճ աշխատանքի արդյունքում դեպքը կբացահայտվի»։
Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի աշխատասենյակում մի քաղաքացի է ծեծի ենթարկվել, որը գնացել էր իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով: Դեպքին նախորդել է կնոջ՝ աշխատանքից ապօրինի ազատումը։ Վրդովված ամուսինը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, նրա ընտանիքի պնդմամբ, Արթուրին առևանգել են և դաժանաբար ծեծի ենթարկել։ Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ և մասնակցել է շուրջ հիսուն մարդ։
Սուրեն Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այդ կնոջն ազատել են Քաղծառայության օրենքին համապատասխան, ծառայողական քննություն անցկացնելու արդյունքում։