Երևանում կայացավ Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնության բացման արարողությունը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնության բացման պաշտոնական արարողությունը: Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Միջազգային ռազմական խորհրդի մի շարք պաշտոնյաններ: 

Բացման արարողությունը մեկնարկեց տեսաֆիլմով՝ ներկայացնելով հայկական ըմբշամարտի ձեռքբերումները և հայոց պատմությունը: Այնուհետ մասնակից երկրների մարզիկները դահլիճ դուրս բերեցին իրենց երկրի դրոշները: 

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնը՝ հաջողություն մաղթելով մասնակից մարզիկներին: 

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բոլոր մարզիկներին մաղթեց մեծ հաջողություններ և հայտարարեց աշխարհի առաջնությունը բացված: «Սպորտը համախմբում է մարդկանց ազնիվ մրցակցության, արդար պայքարի, բարությանը ծառայող ուժի, գեղեցիկ նպատակներին միտված կամքի, համերաշխության, հանդուրժողականության և խաղաղության գաղափարի շուրջ: Եվ պատահական չէ, որ Հայաստանը և նրա մայրաքաղաք Երևանը երբեք չեն հեռանում իրենց մարզական ավանդույթներից»,- ասաց նախարար Պապիկյանը: 

Զինվորականների ըմբշամարտի 37- րդ աշխարհի առաջնությանը մասնակցում են 24 երկրի ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ Հայաստան են ժամանել մոտ 400 մասնակից:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031