ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նոր վարչակազմում միլիարդատեր Իլոն Մասկը և հանրապետական քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին կղեկավարեն նորաստեղծ Կառավարության արդյունավետության վարչությունը, հայտնում է CNN-ը:
«Միասին այս երկու հրաշալի ամերիկացիները ճանապարհ կհարթեն իմ վարչակազմի համար՝ քանդելու պետական բյուրոկրատիան, կրճատելու ավելորդ կանոնակարգերը, անիմաստ ծախսերը և վերակառուցելու դաշնային գործակալությունները», — ասվում է Թրամփի հայտարարության մեջ:
Թրամփն ավելի վաղ առաջարկել էր ստեղծել կառավարության արդյունավետության հանձնաժողով՝ որպես նոր տնտեսական ծրագրերի մի մաս։ Այն ժամանակ նա նշել էր, որ Մասկը համաձայնել է ղեկավարել այն, եթե հանրապետականը վերադառնա Սպիտակ տուն: Քարոզարշավի ընթացքում Թրամփն իր առաջարկած կառավարության արդյունավետության հանձնաժողովը մատնանշել էր՝ որպես պետական ծախսերը նվազեցնելու միջոց:
Մինչդեռ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նշանակվելու է Fox News-ի հաղորդավար, ԱՄՆ բանակի վետերան Փիթ Հեգսեթը, հայտնել է Թրամփը:
Ինչպես նկատում է CNN-ը, Հեգսեթի ընտրությունն անակնկալ էր, քանի որ նա չէր համարվում Թրամփի թիմի անդամների հավանական ընտրյալներից մեկը:
«Փիթն իր ամբողջ կյանքն անցկացրել է որպես զորքերի և երկրի զինվոր: Փիթը կոշտ է, խելացի և իսկապես հավատում է «Նախ Ամերիկան» գաղափարին: Երբ Փիթը ստանձնի ղեկը, Ամերիկայի թշնամիները կզգուշանան: Մեր զինվորականները կրկին հզոր կլինեն, և Ամերիկան երբեք չի նահանջի», — ասել է Թրամփը:
Աղբյուրները նշում են, որ Թրամփն երկարամյա հարաբերություններ ունի Հեգսեթի հետ: Բացի այդ, նորընտիր նախագահը միշտ մտածել է, որ Հեգսեթը «խելացի» է և տպավորված է նրա կարիերայով: Թրամփին դուր է գալիս նաև, որ Հեգսեթը զինվորական վետերան է։
Պենտագոնի մի պաշտոնյա այս որոշման կապակցությամբ CNN-ին ասել է. «Բոլորն ուղղակի ցնցված են»:
Նշվում է, որ Հեգսեթը ծառայել է Աֆղանստանում և Իրաքում:
Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնում նշանակելու է Ջոն Ռեթքլիֆին. նա նախկինում զբաղեցրել է ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնը։ Այս մասին հայտնում է CNN-ը:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռեթքլիֆը կզբաղեցնի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնը»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ։