Վրաստանում անցկացվել են լեգիտիմ խորհրդարանական ընտրություններ, պատրաստ ենք տրամադրել ապացույցներ. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ են անցել, և իշխանությունները պատրաստ են բոլորին տրամադրել դա հաստատող ապացույցներ։

«Բոլորը պետք է հաշտվեն այն փաստի հետ, որ Վրաստանը անկախ պետություն է, և ընդունված օրենքները գործում են, մենք բացարձակապես բաց ենք բոլորի համար, ովքեր ցանկանում են համոզվել մեր անցկացրած մաքուր ընտրություններում»,- ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերությունը։

Նա նաև ասել է, որ Վրաստանում ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը ընդհանուր առմամբ դրական է։

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացության հետ կապված բազմաթիվ հայտարարություններ կան թե՛ այստեղ, թե՛ դրսում, որ առաքելությունը մեր ընտրությունները չի անվանել արդար և ազատ, բայց այս կազմակերպությունն իր զեկույցներում նման տերմինաբանություն չի օգտագործում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունը ընդհանուր առմամբ դրական է արտահայտվել, մամուլի ասուլիսում միջազգային դիտորդներն ուղղակիորեն խոսել են ընտրությունների օրինականության մասին»,- ասել է Կոբախիձեն:

Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»։

Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է «հայկական կարուսելի» մասին Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքերին։

«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունն այն մասին, թե հոկտեմբերի 26-ին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իբր օգտագործվել է «հայկական կարուսել», ուղղված է ընտրությունների արդյունքների վարկաբեկմանը, իրականությանը չընդունելուն: Նախագահը վարկաբեկում է էլեկտրոնային ընտրական տեխնոլոգիաները չհիմնավորված և կեղծ մեղադրանքներով, ինչն անվստահություն է առաջացրել տեխնոլոգիաների նկատմամբ»,- հայտարարել է ԿՀԸ-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի դատախազությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կանչել է հարցաքննության՝ հնարավոր ընտրակեղծիքների մասին նրա հայտարարությունների պատճառով։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր հերթին հայտարարել էր, որ եթե Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չգնա դատախազություն հարցաքննության, դա կլինի նրա հայտարարությունների կեղծ լինելու ապացույցը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031