Երևանում տեղադրվել է Երվանդ Մանարյանի արձանը

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Մանարյան ընտանիքի անդամները, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, քաղաքացիներ:

Ինչպես հայտնել են ԿԳՄՍՆ-ից, արձանի բացումն իրականացրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Երվանդ Մանարյանի որդին՝ Քրիստ Մանարյանը: 2.8 մետր բարձրությամբ արձանը տեղադրվել է Երևանի Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց:

Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Երվանդ Մանարյանի արձանի տեղադրումն իրականացվել է նրա ծննդյան 100-ամյակի միջոցառումների շրջանակում:

«Արձանները մի կողմից կոչված են ընդգծելու մարդու ներկայությունը, բայց շատ հաճախ լինում են դեպքեր, երբ դրանք մարդուն հեռացնում են իրականությունից: Կարծում եմ, որ այս արձանը տարբերվում է, որովհետև այն փոքր-ինչ խաղարկային է, և այդ իմաստով կարծես Տիկնիկային թատրոնի դիմաց ունենք ներկայացումն արձանից սկսելու կամ այստեղ շարունակելու հնարավորություն: Սա թերևս ամենակարևոր միջոցներից մեկն է, որ մենք կարող ենք պատշաճ անդրադառնալ Երվանդ Մանարյանին և ընդգծել այն կարևոր նշանակությունը, որ նա ունեցել է արվեստի զարգացման և հատկապես տիկնիկային արվեստի զարգացման գործում:

Այդ իմաստով նաև հրաշալի միջավայր ենք ստացել․ մի փոքր այն կողմ Գեղագիտության ազգային կենտրոնն է, որտեղ երեխաները հնարավորություն ունեն զբաղվելու արվեստի տարբեր ուղղություններով, այնուհետև այս միջավայրը շարունակվում է Տիկնիկային թատրոնով և ամփոփվում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանով: Այսինքն՝ այն ձևավորում է մի հրաշալի միջավայր, որտեղ մեր երեխաներն առաջին հերթին էմոցիոնալ, մտավոր, ստեղծագործական զարգացման հնարավորություն ունեն: Վստահ եմ, որ արձանի ներկայությունը միայն ամրապնդելու է այս միջավայրը և էլ ավելի մեծ թվով այցելուներ է բերելու թատրոն: Ուրախ եմ, որ Տիկնիկային թատրոնը մեր երկրորդ հաստատությունն է, որ աշխատում է ֆինանսավորման նոր մոդելով, որի շնորհիվ արդեն ունի հանդիսատեսի 25 տոկոսի աճ և վարձատրության համակարգի բարելավում: Վստահ եմ, որ սա դեռ միայն սկիզբն է, և այս նախաձեռնություններով նաև հետագա աշխատանքների զարգացում ենք ապահովելու»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և շնորհավորել բոլորին կարևոր իրադարձության կապակցությամբ:

Արձանի տեղադրումն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ․ ՀՀ կառավարության որոշմամբ այս տարվա օգոստոսին 65 մլն դրամ էր հատկացվել Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար: Բրոնզաձույլ արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյանն է, ճարտարապետը՝ Միքայել Միսակյանը։

Արձանի բացման արարողությանը հետևել է մեծանուն դերասանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը: Նամականիշի մարումն իրականացրել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, Երվանդ Մանարյանի որդին՝ Քրիստ Մանարյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները կատարող Արման Աբրահամյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը։

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երվանդ Մանարյանը (1924-2020թթ.): Նամականիշի աջ հատվածում առկա են «100 ԱՄՅԱԿ», «ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ» և «Հայ դերասան, ռեժիսոր» գրառումները՝ հայերենով և անգլերենով:

Հոբելյանական միջոցառման շրջանակում Տիկնիկային թատրոնում բացվել է նաև Երվանդ Մանարյանի կյանքին և ստեղծագործական գործունեությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031