«Ռոսպոտրեբնադզորը» շրջանառությունից հանել է Հայաստանում գրանցված կենսաբանական ակտիվ հավելումների ավելի քան 118000 փաթեթ, որոնք պարունակում են սիմետիկոն (մետեորիզմը նվազեցնող դեղամիջոց) և մելատոնին (ցիրկադային ռիթմերը կարգավորող հորմոն): Այս մասին «Վեդոմոստի»-ին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչը՝ հավելելով, որ սննդային հավելումների բարեխիղճ արտադրողները ներգրավված են նման հավելումների հայտնաբերման աշխատանքներում։
Նա նշել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է հավելումների գրանցման և ՌԴ-ում արգելված նյութերով սննդային հավելումների շրջանառության կանխարգելման հարցերով։
Մասնավորապես, սննդային հավելումներում արգելված են սինթետիկ բուժիչ նյութերը և հորմոնները (սիմետիկոն և մելատոնին), որոնք էական սննդային գործոններ չեն: Սիմետիկոնն ու մելատոնինը գրանցված են որպես դեղագործական նյութեր և անկախ դեղամիջոցներ, հավելել է նա։
Ընդհանուր առմամբ, ծառայությունը ապրանքների պետական գրանցման վկայականների միասնական ռեգիստրում մշտադիտարկելիս հայտնաբերել է 48 կենսաբանական ակտիվ սննդային հավելումներ, որոնք չեն համապատասխանում ՀՀ լիազոր մարմինների կողմից գրանցված Մաքսային միության ակտերի պարտադիր պահանջներին։ Դա, ըստ գերատեսչության, վտանգ է ներկայացնում շրջանառության մեջ ոչ անվտանգ արտադրանքի հայտնվելու համար։
«Ռոսպոտրեբնադզորը» տեղեկացրել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, որպեսզի Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ստուգի հավելումների պետական գրանցման տրված հավաստագրերի վավերականությունը։