Հոկտեմբերի 17-18-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը։
Ճեպազրույցի ժամանակ այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով.
«Հարթակը ներառում է Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան: Միջոցառման շրջանակում ՌԴ ԱԳՆ ղեկավարը կունենա նաև երկկողմ հանդիպումներ»,- ասել է նա։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը դիտարկում է «3+3» ձևաչափը որպես Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության և կայունության հասնելու ջանքերը համակարգելու արդյունավետ մեխանիզմ, ինչպես նաև առևտրային ոլորտում փոխշահավետ համագործակցությունը խթանելու հնարավորություն:
Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը:
Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում «3+3» պլատֆորմի նիստին: