Գաֆարովան հաստատեց՝ ադրբեջանցի պատգամավորները կոչ են անում խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը

Ադրբեջանցի պատգամավորները դիմել են արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ խնդրելով խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հետ ծրագրերը, այսօր Միլի մեջլիսում հայտարարել է խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։

«Ադրբեջանը վստահելի գործընկեր է։ Ադրբեջանը վարում է ներքին և արտաքին անկախ քաղաքականություն, իր ուժերով ապահովեց իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», — ասել է Գաֆարովան՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը․ — «Ոչ ոք չի կարող մեզ որևէ բան թելադրել, միջամտել մեր ներքին գործերին։ Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում»:

Սեպտեմբերի վերջին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները բանակցել էին Նյու Յորքում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարի մասնակցությամբ։ Ավարտին թե՛ Երևանը, թե՛ Բաքուն խոստացել էին լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ամենասեղմ ժամկետում Խաղաղության պայմանագիրը կնքելու համար։

Օրեր անց, սակայն, Ադրբեջանի նախագահը քննադատել էր Միացյալ Նահանգներին, մասնավորապես, պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հայտարարելով. — «Այսօր առավոտյան ինձ տեղեկացրին, որ 60 հայամետ կոնգրեսականներ դիմել են Ամերիկյան կառավարությանն՝ Ադրբեջանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու խնդրանքով։ Երբ նայեցի այդ փաստաթղթին, կռահեցի, որ դրա հեղինակն ու հասցեատերը միևնույն մարդն է՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը»։

Ալիևի հայտարարությունից օրեր անց ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի 43 պատգամավորները նամակ են հղել Բայրամովին՝ կոչ անելով խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ ծրագրերը: Նամակն, ըստ լրատվամիջոցների, ադրբեջանցի խորհրդարանականների պատասխանն է վեց տասնյակ կոնգրեսականների դիմումին։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930