Եթե նույնը կրկնվի, կսկսենք գնալ նկատողությունների ճանապարհով. Տիգրան Ավինյան

Նախորդ շաբաթ տրված հանձնարականը ոչ ամբողջությամբ է կատարվել։ Հանձնարարականներին վերաբերող բոլոր այն զեկույցները, որոնք պետք է ներկայացվեին այսօր, ամբողջական չենք ստացել։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ կրկնվելու դեպքում հաջորդ շաբաթվանից կսկսեն գնալ նկատողությունների ճանապարհով՝ անհատական բարձրաձայնելով։

Քաղաքապետն անդրադարձավ նաև «Ակտիվ քաղաքացի» հարթակում բարձրաձայնվող խնդիրներին՝ նշելով, որ կան հանձնարարականներ, որոնք բացվել են ապրիլ-մայիս ամիսներին, մինչդեռ որևէ արձագանք չեն ստացել։

«Մենք ունենք 15 օր բոլոր հին հարցերին որևէ պատասխան տալու համար, դրանից հետո խաղի կանոնը հետևյալն է՝ քաղաքացին որևէ խնդիր բարձրաձայնեց այդ հարթակով, մենք ունենք ընդամենը 3 օր պատասխանելու համար։ Քաղաքացին 3 օրվա ընթացքում մեզնից պետք է իմանա, թե ինչ է տեղի ունենալու՝ կամ խնդիրը լուծվել է, կամ՝ ինչ ժամկետում է լուծվելու։ Մենք 3 օրից ավել ժամանակ չունենք քաղաքացուն պատասխանելու համար։ Սա չի նշանակում, որ ամբողջ բակի բարեկարգումը պետք է արվի երեք օրում, բայց քաղաքացին պետք է իմանա, թե երբ պետք է անենք», — ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացուն տրված պատասխանը պետք է դառնա իրենց ծրագիրը, իսկ աշխատանքն ավարտելուց հետո քաղաքացին պետք է ևս մի ծանուցում ստանա արված աշխատանքի մասին։

«Նախկին բոլոր հանձնարարականների համար կա 15 օր ժամանակ։ 15 օր անց արդեն կսկսենք անհատականապես նայել՝ որտեղ են ամենաշատ խնդիրները, և կորոշենք՝ պատժի ինչ միջոցներ կիրառել», — եզրափակեց Երևանի քաղաքապետը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30