Իշխող մեծամասնությունը տևական ժամանակ քննարկում է ԵՄ-ին անդամակցության ուղիներն ու գործիքակազմերը. Արման Եղոյան

Փոքր պետությունների համար լավ է լինել Եվրամիության անդամ, փորձը ցույց է տվել, որ անդամակցությունից հետո նման երկրները թռիչքաձև աճ են արձանագրել:

Այս մասին ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանձնաժողովի նախաձեռնած՝ «Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում:

«Եվրոպական ինտեգրումը մեկ քայլանի գործողություն չէ, նույնիսկ մի քանի քայլանի գործողություն չէ, նույնիսկ մեկ գծի վրա գտնվող բազմաթիվ քայլերից բաղկացած գործողություն չէ, այլ բազմաթիվ գծերից բաղկացած գործողություն է, որոնց մեջ կան բազմաթիվ առանձին վերցրած քայլեր»,–ասաց Եղոյանը:

Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց՝ հանձնաժողովը գործում է 2007-ից որպես մշտական հանձնաժողով, 2007 թվականին ո՛չ ԵՄ-ին անդամակցության, ո՛չ ասոցացման համաձայնագրի, ո՛չ ազատ առևտրի մասին խոսք չկար, բայց կար ԵՄ-ի մասին խոսակցություն՝ սաղմնային վիճակում: «Հիշեք 2007 թվականը, թե որտեղ էր Հայաստանը աշխարհաքաղաքական քարտեզին և նայեք, թե որտեղ է Հայաստանը հիմա»,-ասաց նա:

Հանձնաժողովի նախագահը հույս հայտնեց, որ քննարկման արդյունքում անելիքները հնարավորինս մանրակրկիտ կուրվագծվեն փորձագիտական մակարդակում:

«Հարց չկա դրված՝ լա՞վ է լինել ԵՄ անդամ, թե՞ լավ չէ: Այդ հարցի պատասխանը պարզ է: Փոքր պետությունների համար լավ է լինել ԵՄ անդամ: Փոքր պետությունները համեմատաբար քիչ տալով՝ համեմատաբար շատ ստանում են այդ կառույցից: Մեծ պետություններն են, որ հաճախ իրենց նման հարցեր տալիս են: Չեք տեսնի մի փոքր պետություն, նկատի ունեմ տնտեսական ներդրմամբ, դեմոգրաֆիայով, բնակչությամբ, որ նման հարց տա, որովհետև փաստը ցույց է տվել, որ նման երկրները թռիչքաձև աճ են արձանագրել ԵՄ-ին անդամակցելուց հետո: Հիմա այլ հարց պետք է քննարկենք՝ Հայաստանի ուղին, ճանապարհները, թե ինչպես ենք դա անում, ինչ գործիքակազմով ենք անում, ինչ ժամկետներում և այլն»,–ասաց նա:

Եղոյանը հավելեց, որ իշխող մեծամասնությունում արդեն տևական ժամանակ քննարկվում են հարցեր՝ գործիքների, քայլերի հաջորդականության շուրջ: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, թե ինչ աստիճանի են ակտիվացել շփումները ոչ միայն ԵՄ-ի, այլ նաև ԱՄՆ գործընկերների հետ վերջին շաբաթներին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30