Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը թերապևտիկ մասնագիտությունների բլոկի ԱՆ խորհրդատուների հետ հանդիպում է ունեցել։
«Ինձ համար առանցքային է, որ բուժծառայությունները լինեն մարդակենտրոն, իսկ բուժօգնության կազմակերպման գործընթացը` հնարավորինս պարզ և հասանելի քաղաքացու համար: Առողջապահական համակարգը պետք է հարմարվի քաղաքացու կարիքներին և, մենք պետք է դրսևորենք ճկունություն, խնդիրները արձանագրելու, բարձրաձայնելու և լուծում տալու հարցում»,- նշել է Ավանեսյանը։
Նախարարը կարևորել է ապահովագրության գործարկման այս շրջանում մասնագետների կողմից նեղ ոլորտային խնդիրների արձանագրումը և լավարկմանը միտված մտքերը, որոնք պետք է շարունակաբար թարմացվեն կլինիկական գործելակարգերում:
Համատեղ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով քննարկմանը մասնակցել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչները:
Նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծել է նաև մասնագիտական ասոցիացիաների ակտիվ ներգրավման և նման ձևաչափով աշխատանքի շարունակականության կարևորությունը:






































