Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 5-ի նիստում հավանություն է տվել հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության «Customs» և «Fiscalis» ծրագրերին Հայաստանի մասնակցության վերաբերյալ Եվրոպական միության հետ համաձայնագիր ստորագրելու առաջարկությանը։
Ըստ որոշման հիմնավորման՝ ծրագրերին միանալը կնպաստի կողմերի միջև տեխնիկական համագործակցությանը, Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացմանը և տնտեսական մրցունակության բարձրացմանը։
Հիմնավորման մեջ ընդգծվում է, որ հարկային և մաքսային համակարգերը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելն ամրապնդում է Հայաստանի տնտեսական ինքնիշխանությունը և վկայում արևմտյան չափանիշներին համապատասխան թափանցիկ տնտեսական քաղաքականություն վարելու մասին։ Ծրագրային համագործակցությունը նաև կնպաստի Հայաստանի մաքսային օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտեցնելուն։
Ծրագրերը կիրականացվեն մեկ տարվա ընթացքում՝ 2027 թվականին։
Հայաստանի մասնակցությունը ծրագրերին կնպաստի նաև երկրում եվրոպական էլեկտրոնային համակարգերի զարգացմանը, հարկային տեղեկատվության փոխանակմանը և հայ հարկային տեսուչների վերապատրաստմանը։
Ծրագրերին մասնակցելու համար Հայաստանի տարեկան անդամավճարը կկազմի գրեթե 80 հազար եվրո։






































